Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարև Ձեզ, ինձ համար մեծ պատիվ է լինել իմ պատմական հայրենիքում: Երևանյան հանդիսատեսին խոստանում եմ զգացմունքների մի ողջ օվկիանոս ու լավ ժամանակ». Երևանում դեկտեմբերի 17-20-ն անցկացվող «Մոսկվայի օրերի» շրջանակում երեկ երեկոյան Մոսկվայի տանը կազմակերպվել էր ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանի ստեղծագործական երեկոն: Նրա արվեստը գնահատողները, ընդ որում` շատերը կանգնած, ավելի քան երկու ժամ հնարավորություն ունեցան նրա կատարմամբ և կիթառի ուղեկցությամբ վայելելու Վլադիմիր Վիսոցկու, Բուլատ Օկուջավայի հեղինակային երգերը, երգեր խորհրդային սիրված ֆիլմերից, ինչպես նաև հայտնի ռուս բանաստեղծների գործեր՝ Օկուջավա, Եվտուշենկո, Կոչետկով: Եղավ նաև ինտերակտիվ շփում հանդիսատեսի հետ:
Օկուջավայի «Վրացական երգը» կատարելուց առաջ Խառատյանը հարկ համարեց ստանալ հայ հանդիսատեսի «թույլտվությունը»՝ իրեն հատուկ սրամտությամբ արծարծելով հայ և վրացի ժողովուրդների բարեկամության թեման. «Իսկ դուք գիտե՞ք, թե այլ կերպ ինչպես կարելի է անվանել հայ-վրացական բարեկամությունը, ահա՝ «Ջորջո Արմանի»:
Հայերը թույլատրեցին, և Խառատյանը կատարեց այդքան սիրված «Վրացական երգը», իսկ երկար ծափերից հետո հայերենով արձագանքեց՝ շնորհակալություն, ինչը երեկոյի ընթացքում ներկաները մեկ անգամ չէ, որ լսեցին:
Հայկական արմատներ ունեցող ժողովրդական արտիստը ժամանակ առ ժամանակ կեսկատակ-կեսլուրջ հիշեցնում էր, թե որքան տաղանդավոր են հայերը, և ինչ է կարելի հային, իսկ ինչը՝ ոչ:
Հայկական արմատների մասին
Ես երբեք չեմ թաքցրել, որ հայ եմ, ես հպարտանում եմ դրանով: Հայրս ծնվել է Ուզբեկստանում, որտեղ հայտնվել է ճակատագրի թելադրանքով: Դեռ մանուկ հասակում հայրս ինձ պատմել է հայ ժողովրդի ճակատագրի, ողբերգությունների, Ցեղասպանության մասին: Կարճ ասած՝ այն ամենի մասին, ինչը դեռ բոլորը չէ, որ Խորհրդային միությունում, Ռուսաստանում հասկանում էին, դրա մասին առանձնապես գրքերում չէին էլ տպագրում: Դա պարզապես գենետիկ հիշողություն է, որը փոխանցվել է հորից որդուն: Դրա համար երբ անձնագիր ստանալու տարիքս հասավ, եկա Կրասնագորսկ քաղաքի անձնագրային բաժին: Աշխատակցուհին հարցրեց ազգությունս, պատասխանեցի՝ հայ: Նա շատ զարմացավ. «Տղա', դու մի քեզ հայելու մեջ նայիր, քեզանից ի՞նչ հայ, շիկահեր»: Ես ասացի. «Արիացի եմ, և դա իմ կամքն է, իմ ընտրությունը, ես ցանկանում եմ, որ իմ անձնագրի համապատասխան հատվածում գրվի՝ հայ»:
Ես հիմա չեմ ուզում մեծամտանալ, հպարտանալ, թե… Պարզապես բացատրում եմ իմ վերաբերմունքը ձեր հանդեպ, մեր ժողովրդի հանդեպ, և թե որքան կարևոր է` զգալ քեզ հայ:
Ես չգիտեմ լեզուն, ես չեմ ապրել այստեղ երկար ժամանակ, բայց 30 տարի առաջ հայերի, մեր ժողովրդի համար ողբերգական տարում ես հայտնվեցի Հայաստանում: Այո, Աստծո կամոք, ճակատագրի թելադրանքով, առաջին անգամ ես Հայաստան եկա 28 տարեկանում՝ 1988-ին մասնակցելու Միքայել Դովլաթյանի «Դեմքով դեպի պատը» ֆիլմի նկարահանումներին: Դա վերջին ֆիլմն էր, որը նկարահանել է «Հայֆիլմը»: Դեկտեմբերի 7-ին ես Երևանում էի, նկարահանման հրապարակում էինք, լավ եմ հիշում, թե ինչպես մի պահ օրորվեցինք, այդ պահին չհասկացանք, թե մեզ հետ ինչ կատարվեց, ավելի ուշ իմացանք, որ ողբերգություն է տեղի ունեցել:
Տեղյակ եք, որ ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտը ֆիլմ է նկարահանել՝ «Սպիտակ», ես հիացած եմ այդ ֆիլմով, իմ կարծիքով՝ շատ ծանր, ողբերգական ֆիլմ է: Ծանր է դիտելը, բայց այդ հիշողությունը պետք է ապրի: Ես կուզեի, որ այդ ֆիլմն ընդգրկվեր «Օսկար»-ի կարճ ցուցակում, մրցանակ ստանար:
Վերադառնամ նախորդ մտքին. 1988-ից հետո Հայաստանում եղել եմ տարբեր մարդկանց հետ, բայց ֆիլմում այլևս հայի դեր չեմ խաղացել, դա միակ դեպքն էր, երբ ինձ ներկեցին մուգ գույնով, ես, իհարկե, միևնույն է, հեռու էի հային նման լինելուց՝ Անդրեաս Արշակյանի դերում: Ի դեպ, հաճելի է իմանալ, որ երբեմն այդ ֆիլմը ցուցադրում են այստեղ:
Ապագա ծրագրերի մասին
Դերասանը հայ հանդիսատեսին հայտնեց, որ ընթացքի մեջ է «Կանաչ ֆուրգոն» խորհրդային ֆիլմի շարունակությունը՝ «Կանաչ ֆուրգոն. բոլորովին այլ պատմություն»: Այն էկրան կբարձրանա 2019-ին: Ըստ ֆիլմի սյուժեի` 20 տարի անց արդեն տարիքն առած գլխավոր հերոս Պատրիկեևը, որը 1983-ի տարբերակում 1937-ին մատնության պատճառով հայտնվել էր բանտում և տարիներ հետո սկսել պայքարել հանցագործների դեմ, նոր տարբերակում դեռ շարունակում է պայքարել հանցագործության դեմ:
Հավելենք, որ 1983-ին էկրան բարձրացած` Պավլովսկու «Կանաչ ֆուրգոն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում Դմիտրի Խառատյանն էր, մեծ հաջողություն է ունեցել: Նա կատարել է նաև ֆիլմի երգերը: Իսկ ֆիլմում Դմիտրիի խաղընկերներն էին խորհրդային կինեմատոգրաֆի աստղեր Ալեքսանդր Դեմյանենկոն, Բորիսլավ Բրոնդուկովը, Ալեքսանդր Սոլովյովը, Էդուարդ Մարցևիչը և այլք։
Ի դեպ, ինչպես պատմեց արտիստը, ի սկզբանե այս ֆիլմը պետք է նկարահաներ Վիսոցկին, բայց նա մահանում է և չի հասցնում իրականացնել իր երազանքը: Ֆիլմը ստեղծողները գիտեին այդ մասին, ուստի նրա մահվանից 3 տարի հետո ֆիլմը նկարահանվեց Վլադիմիր Վիսոցկու և Իգոր Շևցովի սցենարի հիման վրա, այնպես, ինչպես Վիսոցկին էր պատկերացրել:
«Նա մեզ, կարծես, այնտեղից օգնում էր»,- մի քիչ հուզված նշեց Խառատյանը:
Դոնալդ Թրամփի մասին
Լեոնիդ Գայդայի «Դերիբասովսկայա փողոցում միշտ լավ եղանակ է, կամ Բրայթոն Բիչում դարձյալ անձրև է գալիս» ֆիլմի (1992 թ.) նկարահանումները Միացյալ Նահանգներում կայացել են ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ: Նա թույլ էր տվել նկարահանումների մի մասն անցկացնել իրեն պատկանող «Թաջ Մահալ» համալիրում:
«Թրամպփը, լինելով հեռանկարային գործարար, թույլատրեց մեզ երեք օր միանգամայն անվճար նկարահանումներ իրականացնել իրեն պատկանող «Թաջ Մահալ» համալիրում: Թերևս, նա արդեն այն ժամանակվանից էր հասկանում, որ ռուսների հետ պետք է բարեկամություն անել»,- նշեց արտիստը՝ հավելելով, որ Թրամփն անվճար նկարահանումների թույլտվության փոխարեն խնդրել էր իրեն էպիզոդիկ մի դերում նկարահանել, սակայն Գայդայը մերժել էր՝ իր օգնականի միջոցով փոխանցելով. «Ինձ մոտ ժողովրդական արտիստ Կուրավլյովն է նկարահանվում, Մյախկովը, Ջիգարխանյանը, և վերջապես Խառատյանը, Թրամփն ով է, անհայտ մեկը»:
«Ինչպիսի անհեռատեսություն, եթե համաձայներ, հիմա կհիշեին: Ես այնտեղ ԿԳԲ-ի գործակալ եմ. պատկերացրեք, թե ինչ ալյանս կլիներ՝ ՌԴ-ի «ապագա նախագահը» և անցորդը՝ ԱՄՆ-ի ապագա նախագահը»,- կատակեց Խառատյանը՝ տեղեկացնելով, որ, որպես փոխհատուցում, ֆիլմը ստեղծողները որոշում են գլխագրերում շնորհակալություն հայտնել ոչ միայն «Թաջ Մահալ» համալիրի անձնակազմին և Նյու Ջերսի նահանգի կառավարությանը, այլև անձամբ Թրամփին:
Հավելենք, որ ՌԴ ժողովրդական արտիստի ստեղծագործական երեկոյի ավարտին նրան նվիրեցին Երևանի անձնագիր: Դմիտրի Խառատյանը խոստացավ, որ այն իր տանը կլինի երևացող և պատվավոր տեղում, որպեսզի երբ ռուսական հեռուստաընկերություններից իրեն հյուր գան, այն երևա կադրերում:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ