կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 15:05
Քաղաքական

Բոլորի պաշտոնները ժամանակավոր են. վարչապետ

Բոլորի պաշտոնները ժամանակավոր են. վարչապետ

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շուրջ 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնեց։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց, որ համոզված է` Երիտասարդական հիմնադրամը շատ անաչառ և թափանցիկ է կազմակերպել այդ մրցույթը:

«Սա մի քայլ է, որը ցույց է տալիս, որ ՀԵՀ-ն ու կառավարությունը շատ արդյունավետ համագործակցում են, և սա ի նպաստ է բոլոր այն ուսանողներին, որոնք սոցիալական ինչ-ինչ խնդիր ունեն: Բացի այդ` մոտ 142 ուսանող էլ` սահմանամերձ համայնքներից, առանց մրցույթի է մասնակցել այս ծրագրին, ինչը, կարծում եմ, շատ արդար է, և սա շարունակական բնույթ է կրելու: Այս հարթակն ինձ հարազատ է այն առումով, որ ես հիմա շփվում եմ մեր երիտասարդների հետ, մեր ապագա սերնդի հետ, իսկ կառավարությունը, երկրի նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր ուսանողները կարողանան գիտելիք ստանալ, որը, համոզված եմ, օգտագործվելու է մեր երկրի, մեր Սփյուռքի ու Արցախի զարգացման համար»,- ասաց վարչապետը:

Նա հորդորեց բոլորին այս ոսկյա տարիներն օգտագործել շատ արդյունավետ, քանի որ, գիտելիք ձեռք բերելով, ըստ նրա, կնպաստեն ժողովրդի, երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործընթացին:

Աբրահամյանը նշեց նաև, որ կառավարությունն էլ փորձում է նոր ու երիտասարդ կադրերով համալրել իր շարքերը, և սա գերակա ուղղություն է լինելու: «Պետք է հասկանան, որ բոլորի պաշտոնները ժամանակավոր են, և պետք է անեն ամենք ինչ, որպեսզի ունենանք կայուն ապագա»,- ասաց նա: