Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիշեցնենք, որ 57 հազար տոննա թիվը ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության տեսչությունը ստացել է դեռեւս 2005 թվականին իր կողմից իրականացված մի քանի պահեստներում իրականացված գնահատականների արդյունքում:«Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղքիմիայի պահեստ ընդհանրապես չեն մտել, որտեղ, մոտավոր հաշվարկներով, առկա են ավելի քան 60 տոննա ժամկետանց թունանյութեր: Իմ մոտավոր հաշվարկներով, ինչը ես իրականացրել եմ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, այսօր Հայաստանում գոյություն ունեն շուրջ 110 տոննա ժամկետանց թունաքիմիկատներ»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանը, այնուհետեւ կարծիք հայտնելով, որ գյուղական համայնքներում դեռեւս խորհրդային ժամանակներից պահպանվում են թունաքիմիկատներ, հատկապես` ԴԴՏ, որի վտանգավոր լինելու մասին անգամ չգիտեն բնակիչները:
«Այսօր Նուբարաշենում կան 500 տոննա թունաքիմիկատներ, որոնց 60 %-ը առաջին եւ երկրորդ կարգի թունաքիմիկատներ են: Իսկ Նուբարաշենի գերեզմանոցը սողանքային գոտի է, ինչը ավելի է նպաստում թունաքիմիկատների տարածմանը: Սրան նպաստում է նաեւ մարդկանց անտեղյակությունը, քանի որ տարածքին շատ մոտ հայտնաբերվել են գոմաղբեր, այսինքն` մարդիկ այս տարածքում նաեւ անասուններ են արածեցնում»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ միջավայրի» ՀԿ փոխտնօրեն Լիլիկ Սիմոնյանը:
Չեխական «Արնիկա» ասոցիացիայի գիտաշխատող Յինդրիխ Փեթրլիկի ղեկավարած խումբը Հայաստանում ուսումնասիրել է ժամկետանց եւ արգելված թունաքիմիկատների 5 թեժ կետերՙ Նուբարաշենի գերեզմանոցը, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի, Էջմիածնի եւ Մասիսի թունաքիմիկատների նախկին 3 պահեստները, ինչպես նաեւ Ալավերդու պղնձի արտադրության թափոնների գերեզմանոցը:«Մենք իրականացրել ենք օդի, ջրի, հողի, կարծր նյութերի 57 նմուշառումներ: Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ժամկետանց թունաքիմիկատների նախկին պահեստներում կան ԴԴՏ-ի մեծ պաշարներ»,- ասաց Յ. Փեթրլիկը` հավելելով, որ ԴԴՏ-ի եւ այլ թունաքիմիկատների նյութեր հայտնաբերվել են նաեւ սննդից վերցված նմուշներում:
Մասնագետները մտահոգված են, որ Նուբարաշենում ոչ միայն առկա են տարատեսակ թափոններ, այլեւ այդ քիմիկատները խառնված են իրար, ինչն ավելի է բարդացնում դրանց ոչնչացումը:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեխնածին վտանգների, հակաքիմիական, հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետ Կարապետ Կարապետյանի` Նուբարաշենում պետք է ստեղծել կանխարգելիչ համակարգեր եւ վերափաթեթավորել ժամկետանց մանրէասպաններին:
«2008 թվականին, ինչպես նաեւ 2010թ. մայիսին որոշ մարդիկ մտել էին գերեզմանոց, համապատասխան տեխնիկայով ավերել գերեզմանոցի վերին շերտը: Նրանք մի քանի մետր փորել էին եւ այդպես բաց թողել, ինչը պատճառ դարձավ թունաքիմիկատների տարածման: Հարուցվեց քրեական գործ, սակայն մինչ օրս այդ մարդիկ չեն հայտնաբերվել: Այդ օրվանից ոստիկանությունը այստեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացում»,- ասաց Կարապետյանը:
Չեխ փորձագետը այն կարծիքին է, որ այդ տարածքներում առկա թափոնների այրումը կարող է նոր աղտոտման պատճառ դառնալ.«Այդ պատճառով պետք է գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակները»:
Կարինե Եսայանը «Երկիր»-ին հայտնեց նաեւ, որ շուտով, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ֆինանասավորմաբ, Արարատի, Արագածոտնի եւ Արամավիրի մարզերում գյուղատնտեսության նախարարությունը, երկու ՀԿ-ների հետ միասին, կիրականացնի ժամկետանց թունանյութերի, թափոն հանդիսացող տարաների եւ շինարարական աղբի գույքագրում:
Գալուստ ՆԱՆՅԱՆ