կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 20:06
Քաղաքական

Լոքյանը գյուղը լավ է ճանաչում. Գեղարքունիքի մարզպետը լիահույս է համայնքների զարգացման ծրագրի հաջողության հարցում

Լոքյանը գյուղը լավ է ճանաչում. Գեղարքունիքի մարզպետը լիահույս է համայնքների զարգացման ծրագրի հաջողության հարցում

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ  ՀՀ մարզերի` 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպմանը: Նշենք, որ օրեր առաջ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, հանրապետության մարզպետերի մասնակցությամբ, խորհրդակցություն էր անցկացրել՝ զարգացման ծրագրերի մշակման  թեմայի շրջանակներում:

Գրիգորյանի խոսքով՝ դեռևս անցյալ տարի Գեղարքունիքի մարզպետարանը կառավարության հետ մշակել և ներկայացրել էր 2017-20 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որը պետք է հաստատվեր կառավարությունում,  բայց վարչապետ Կարեն  Կարապետյանը նշանակվելուց հետո հանձնարարական տվեց մշակել այլ ծրագիր:

«Ամեն  մի մարզ ունի իր առանձնահատկությունները, և վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրվեց հստակ հանձնարարական, որ ոչ միայն մարզերը, այլև ամեն մի համայնք պետք է ներկայացնի տեսլական` իր առաջիկա տարիների սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը»,- նշեց մարզպետը՝ հավելելով.  «Մենք արդեն իսկ արձանագրությունները ստացել ենք և ստեղծել աշխատանքային խումբ: Այդ խումբն արդեն մասնակցում է սեմինարների, ստեղծված հանձնաժողովն սկսել է աշխատել: Բոլոր  համայնքների ղեկավարների հետ այս պահի դրությամբ աշխատանքներ տարվում են, և մենք պետք է մինչև 2017  թվականի մարտի 15-ը ծրագիր ներկայացնենք կառավարությանը»:

Գրիգորյանն ընդգծեց նաև՝ որ վարչապետը խոստացել է, որ իրատեսական ծրագրերը կառավարության կողմից անմիջապես կյանքի կկոչվեն: «Ես կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, և պետք է ամեն ինչ անել, որ ներկայացվեն համայնքների զարգացման առաջնահերթ ծրագրերը՝ կոնկրետ ոլորտներում: Մենք պետք է կարողանանք համակարգված ու կանոնավորված ներկայացնել ամեն ինչ, և կարծում եմ՝ կառավարությունն այդ հնարավորությունը կստեղծի և հնարավոր կլինի համայնքների շահերից բխող առաջնային խնդիրներին լուծումներ տալ»:

Գրիգորյանի խոսքով՝ յուրաքնաչյուր մարզ ունի իր յուրահատկություններն ու կոնկրետ խնդիրները: «Գեղարքունիքը տարբեր է մյուս մարզերից. այս մարզը գյուղատնտեսական, անասնապահական մարզ է, և մենք այս ուղղությամբ պետք է գնանք, նաև` տուրիզմի զարգացման ուղղությամբ՝ Սևանա լճի գործոնը նկատի ունենալով: Արարատյան դաշտն ունի իր առանձնահատկությունները, մյուս մարզերն ունեն իրենց առանձնահստկությունները: Եվրոպական կառույցների մասնագետներն աշխատում են ստեղծված հանձնաժողովների հետ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք այնպիսի ծրագրեր ներկայացնել, որոնք Գեղարքունիքի մարզի համայնքների և ընդհանուր մարզի  սոցիալ-տնտեսական զարգացումն են ապահովելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Գեղարքունիքի մարզպետը նաև ընդգծեց, որ արդյունավետ կերպով կարողանում են աշխատել տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ: «Դավիթ Լոքյանը գյուղը լավ է ճանաչում: Ես համոզված եմ, որ այն խնդիրները, որոնք դրված են, մենք կյանքի կկորչենք, որովհետև նրա աշխատանքային կենսագրության ընթացքում, որտեղ նա աշխատել է, այդ ոլորտը  բավականին առաջընթաց է արձանագրել»,- ասաց Գրիգորյանը: