կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 15:05
Քաղաքական

Գյոզալյանին մարզում լավ են ճանաչում. Դավիթ Լոքյանը ներկայացրեց Արագածոտնի նոր մարզպետին

Գյոզալյանին մարզում լավ են ճանաչում. Դավիթ Լոքյանը ներկայացրեց Արագածոտնի նոր մարզպետին

Մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքային համայնքների ղեկավարները: Նախարարը նշեց, որ մարզպետի նշանակումը կատարվել է երկրում ձեւավորված քաղաքական նոր հարաբերությունների, այդ ենթատեքստում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում:

«Գաբրիել Գյոզալյանին մարզում լավ են ճանաչում: Նա ծնվել է այստեղ, քաջածանոթ է մարզի բոլոր խնդիրներին»,- ասաց նախարարը եւ հույս հայտնեց, որ համատեղ կիրագործվեն պետական ծրագրերը, տարածքային զարգացման առաջիկա նախագծերը:

Դավիթ Լոքյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին, միաժամանակ, իր եւ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը վստահության համար: Նա հավաստիացրեց, որ մարզում իր աշխատանքը արդյունավետ է լինելու, քանի որ ինքը քաջածանոթ է առկա խնդիրներին, եւ իր համար տեսանելի է գործունեության առաջիկա ընթացքը:

Արագածոտնի մարզպետարանի մամուլի ծառայություն