կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 16:25
Հասարակություն

Դավիթ Լոքյանը Եվրամիության պատվիրակության հետ քննարկել է տարածքային զարգացման հեռանկարները

Դավիթ Լոքյանը Եվրամիության պատվիրակության հետ քննարկել է տարածքային զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել տարածքային զարգացմանն ուղղված հետագա օժանդակության ընդհանուր շրջանակը:

Դավիթ Լոքյանը ողջունելով հյուրերին` բարձր է գնահատել և լուրջ հաջողություն համարել Եվրամիության օժանդակությունը` ուղղված ամիսներ առաջ ՀՀ կառավարության կողմից ընդունված ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության  մշակմանը: «Հիմա մենք զուգահեռ աշխատում  ենք նաև մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման ուղղությամբ: Կարծում եմ` շուտով  արդեն կունենանք մեր գործառնական ծրագրերը, որոնցով ուղղակիորեն կսկսենք աշխատել տարածքների համաչափ զարգացման խնդիրների շուրջ: Շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի, օժանդակության, խորհրդատվության և, ընդհանրապես, մեր համատեղ գործունեության համար», – հանդիպման սկզբում  նշել է նախարար Լոքյանը:

Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին հաստատել է տարածքների զարգացմանն ուղղված աջակցություն տրամադրելու ԵՄ պատրաստակամությունը` միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է ճշգրտել գործընկերության համատեղ սահմանված գերակայությունները:

Պարոն Մարագոսը նշել է, որ համագործակցության շրջանակներում ցուցաբերվող օժանդակությունը իրենք դիտարկում են նաև տարածաշրջանային զարգացման համատեքստում, այդ թվում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում:

 

Հյուրերը մեծապես կարևորել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության ընդունումը` համարելով այն պատեհաժամ: Այդ կապակցությամբ նրանք նախարարից հետաքրքրվել են Ռազմավարության գերակայություններով և խնդրել առանձնացնել ՏԻՄ-երին և տարածքային կառավարմանը վերաբերող կարևոր նշանակության հարցեր:

Որպես գերակայություն նախարար Լոքյանը նշել է տարածքային համաչափ զարգացումը: Մարդկային, ֆինանսական և այլ սահմանափակ ռեսուրսներով համայնքներում արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու և համայնքային նշանակության հանրային խնդիրներին անհրաժեշտ մակարդակով լուծում տալու տեսանկյունից նախարարը կարևորել է համայնքների խոշորացման գործընթացը: Նախարարը տեղեկացրել է հյուրերին, որ արդեն իսկ իրականացվել է 18 խոշորացման ծրագիր, ներառելով նախկին 140 համայնքներ. գործընթացը շարունակվելու է առաջիկա երկու տարիներին։

Նախարար Լոքյանը Ռազմավարության առանցքային բաղադրիչ է համարել տարածքային ֆինանսական կառույցի ստեղծման գաղափարը: Նախարարի խոսքով, կառույցը պետք է համակարգի օտարերկրյա ֆինանսական օժանդակությունները տվյալ տարածք, դիտարկի դրանց համապատասխանեցումը Ռազմավարության ընդհանուր տրամաբանությանը, և տա տվյալ տարածքի ամբողջական խնդիրների լուծումը:

Դավիթ Լոքյանը նախարարության քաղաքականության կարևոր բաղադրիչ է համարել նաև համայնքներում ավագանու անդամների ընտրության համամասնական ընտրակարգի կայացումը, ինչը կնպաստի թե՛ քաղաքական մրցակցության և թե՛ պատասխանատվության աճին: Նախարարն այս խնդիրների լուծման համատեքստում կարևորել է ԵՄ օժանդակությունը:

Պատվիրակության անդամները վստահեցրել են, որ ներկայացված խնդիրները կդիտարկվեն և հնարավորության դեպքում կընդգրկվեն հետագա համատեղ ծրագրերի մեջ: Անհրաժեշտության դեպքում   կտրամադրվի նաև խորհրդատվական ծառայություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: