| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կքննարկի սահմանադրական փոփոխությունները, երբ պատրաստ կլինի բուն տեքստը: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին, նա նշեց, որ դա դեռ հայեցակարգ է, և դեռ պետք է մշակվի բուն տեքստը: ԱԺ նախագահը հավելեց, որ այլ քաղաքական ուժերի կողմից ևս կան առաջարկություններ:
Դիտարկմանը, թե գուցե ընդդիմության ճնշման արդյունքում է, որ Սերժ Սարգսյանը հետաձգել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ վերջնական դիրքորոշում արտահայտելը, Սահակյանը պատասխանեց. «Ժողովուրդն այդքան լավ չգիտի` Սահմանադրությունն ինչպես է շրջանառության մեջ դրվում: Մենք մարզային քննարկումներ կատարեցինք, դրանից հետո ներկայացվեց Վենետիկի հանձնաժողովին: Հիմա լրացուցիչ քննարկման փուլ է անցնում, դրանից հետո տեքստը կհրապարակվի: Դե, ընդդիմությունը միշտ մտածում է, որ իրենցից վախենում են»:
Հարցին` Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ է, ԱԺ նախագահը պատասխանեց, որ Հայաստանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի:
«Իմ քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել քաղբանտարկյալները: Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ: Քաղբանտարկյալները նրանք են, ովքեր ընդհատակյա գործողություններ էին ծավալում, իսկ եթե բացեիբաց ով ինչ ուզում, խոսում է, այդ թվում` Շանթ Հարությունյանը... Ես ինքս շատ լավ եմ ճանաչում նրան և շատ լավ եմ հասկանում նրան և ցավում եմ տեղի ունեցածի համար: Փորձությունների, խոչընդոտների և ամեն ինչի ճանապարհը քաղբանտարկյալ լինելն է»,- ասաց Գալուստ Սահակյանը: