Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին Yerkir.am-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
Մեր զրուցակիցը նշեց, որ մեզ ոչ միայն տնտեսական ոլորտում են հարկավոր փոփոխություններ, այլև կառավարման համակարգի մեթոդաբանությանը վերաբերող արմատական փոփոխություններ: «Մեզ արմատական փոփոխություններ են պետք, որոնք պետք է վերաբերեն կառավարման համակարգի մեթոդաբանությանը, ընդհանրապես` երկրում մրցակցության ազատականացմանը, և առաջին հերթին պետք է արդարադատության ազատ, անկախ համակարգ»,- ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա` նորանշանակ նախարարների մի մասը ծանոթ չէ հանրությանը, նորմալ երկրներում անծանոթներին նախարար չեն նշանակում, այլ նորմալ քաղաքական պայքար է լինում, և հասարակության կողմից աջակցություն ստացած ուժերը, իշխանություն ձևավորելով, իրենց ծրագրերն են փորձում կյանքի կոչել: «Ժողովրդավարական դասական երկրներում այդպես է, և ոչ թե` քաղաքական ուժը գալիս է իշխանության, ապա սկսում է վերջին մի քանի ամիսներին` ընտրություններից առաջ, ինչ-որ բաներ անել, իբրև տեսեք` մենք իրավիճակը ուզում ենք փոխել»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ այդպես չի լինում, եթե իրավիճակը ուզում են փոխել, անպայման նոր ընտրություն են նշանակում, այլ ոչ թե ծխածածկույթ իրականացնում:
Նա կարծիք հայտնեց, որ սա ժամանակավոր կառավարություն է, որն ընդամենը ապահովելու է իշխանության վերարտադրություն: «Այսօր իշխանությունը ազատ ու արդար ընտրություններով 6 տոկոսից ավելի ձայն չի կարող հավաքել: Ակնհայտ է, որ սա ժամանակավոր կառավարություն պետք է լինի և ընդամենը պետք է ապահովի իշխանության վերարտադրությունը, որովհետև հասարակությունը չափազանց լցված է իշխանության նկատմամբ, և այսպիսով փորձում են թմբիրի մեջ պահել հասարակությանը: Այսպես ասած` պրոֆեսիոնալ թիմի կառավարում մենք տեսել ենք նաև Արմեն Սարգսյանի ժամանակ, բայց այս կառավարությունները չեն կարողացել, չեն կարողանում լուրջ գործերի հասնել, և հիմք էլ չկա, որ կհասնեն»,- նկատեց Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքային փոփոխություններին, նա կարծիք հայտնեց, որ խնդիրն էության մեջ է, այլ ոչ` անվանումների: «Խնդիրը անվանումների մեջ չէ, խնդիրը էության մեջ է, իսկ էությունն այն է, որ արմատապես փչացած է կառավարման համակարգը, և վաղուց է այդ փչացվածության հիմքը դրվել: Դրա համար բացառապես արմատական, մեթոդաբանական փոփոխություններ են պետք: Անձերի անունների փոփոխությունը չի կարող որևէ բանի բերել, այդ թվում նաև` նախարարությունները միանան, անջատվեն, անուններ փոխեն և այլն, դրանով ոչինչ չի փոխվի»,- շեշտեց Մարտիրոսյանը:
Ըստ նրա` եթե նախարարությունը մի ժառանգություն է ստացել, որն արդյունավետ կառավարման համակարգ չի ենթադրում, պարզ է` արդյունավետ չի կարող աշխատել, եթե նույնիսկ նախարարության անունը դնենք «գեղեցիկ արվեստների» նախարարություն: «Վարչապետի փոփոխություններն ուղղակի կոսմետիկ են, ոչ կոսմետիկի համար պետք են արմատական փոփոխություններ, իսկ վարչապետը չի կարող արմատական փոփոխություններ անել, դա նրա լիազորությունների ոլորտը չէ»,- ավելացրեց պատգամավորը: