Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Դեռևս լույսը չբացված վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ստատուս գրեց՝ պնդելով թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Փաշինյանը շեշտեց՝ ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Այս պնդումը բացարձակ սուտ է որակում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը։ Yerkir.am-ի հետ զրույցում նա պնդեց՝ Փաշինյանը շարունակում է ստեր հորինել ու հրամցնել հայ ժողովրդին:
«Մեր հարևան Իրանի Իսլամական հանրապետությունում նման մարդկանց «ախմախ» են անվանում: Ես չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացում նման դիրքորոշում է ունեցել, բայց չկա Հայաստանի որևէ ղեկավար, որը երբեք, կրկնում եմ երբեք, բանակցած կլինի այս ուղղությամբ: Իհարկե՝ Փաշինյանը նշածս ղեկավարների մեջ չի մտնում: Ինքը Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին առաջին ձեռքից ինֆորմացիան ստացել է Ալիևի կողմից: Սրանից հետևություն՝ դրա պատճառով Փաշինյանը թութակի նման կրկնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ասածներն ու խոսույթները»,- ասաց Գալստյանն ու շեշտեց՝ նմանատիպ քայլերով Փաշինյանը փորձում է հային պոկել իր պատմական հիշողություններից ու մոլորեցնել:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը հիշեցրեց նաև այն բոլոր բանակցային փաստաթղթերի մասին, որոնք տարիներ շարունակ եղել են բանակցային սեղանին. «Փաթեթային» տարբերակից մինչև «Քի Վեստյան» բանակցություններ, «Մադրիդյան սկզբունքներից» մինչև «Լավրովի պլան»: Լուծման բոլոր տարբերակներում, Գալստյանի խոսքով՝ նման կետ ներառված չի եղել:
«Մի շարք բանակցային հրապարակված փաստաթղթեր կան: Օրինակ՝ «Փաթեթային» տարբերակում ի սկզբանե նշված էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, բայց այն ժամանակվա ՀՀ ղեկավարները մերժել են այս փաստաթուղթն ու բանակցային հիմք չի ընդունվել, հետևաբար ինչպե՞ս է նա պնդում, թե բոլոր իշխանությունների օրոք Ղարաբաղը հանձնվում էր Ադրբեջանին: Սա մաքուր կեղծիք ու հերյուրանք է»,- շեշտեց Գալստյանը:
Նա չբացառեց, որ սրանով Փաշինյանը ևս մեկ անգամ իր իսկ ձախողումները թաքցնելու և աշխարհին մեղավոր դարձնելու հերթական փորձ է անում:
Այս ամենից մի հարց է առաջանում. եթե պնդում է, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ապա ինչպե՞ս էր 2019 թվականին, Արցախի Վերածննդի հրապարակում, գոռալով հայտարարում, թե «Արցախը Հայաստան է և վերջ»: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսորն այս մասին հարց տվեց.
«Այս ամենի համատեքստում պետք է հարցեր տալ՝ ինչո՞ւ էր բարձրաձայնում Արցախյան բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին, ինչո՞ւ տարիներ անց, գրչի մեկ հարվածով, թշնամուն նվիրեց մեր 30-ամյա պատմությունն ու Արցախը: Ախր այս մարդը լկտիաբար ստում է, մտածում է, որ մեր պատմական հիշողություններն այնքան կարճ են, որ իրենք կարող են իրենց քարոզչամեքենան գործի գցելով մարդկանց մոլորեցնել և թաղել կեղծիքների մեջ»:
Նույն գրառման մեջ Փաշինյանը գրել է, թե.
«Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018 թ-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանն անդրադառնալով Փաշինայնի «հայրենասիրական մոդելին» նկատեց.
«Նորմալ երկրներում և նորմալ, առողջ հասարակության պարագայում, նման միտք արտահայտող ղեկավարը կգամվեր գնդակահարության պատին: Վաղ թե ուշ, վստահ եմ, նա կանգնելու է գնդակահարության պատի տակ. առայժմ ֆեյսբուքյան, բայց դրանից մինչև «իրական Հայաստան» կես քայլ է »,- եզրափակեց Գալստյանը:
Սիլվի Մուրադյան