կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 15:02
Քաղաքական

Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի շահերից չեն բխում. Արմեն Մարտիրոսյան

Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի շահերից չեն բխում. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները, Հայաստանն ու Սփյուռքը համախմբելով, ձևավորելու այնպիսի իրավիճակ, որ աշխարհի կողմից անկասելի լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նրա խոսքով` «Ժառանգություն» կուսակցությունն ունի այն հստակ համոզմունքը, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի շահերից չեն բխում և պարունակում են նախապայմաններ, ուստի պետք է օր առաջ հետ կանչել Հայաստանի ստորագրությունն այդ արձանագրություններից:

 

 «Ցավոք, մինչև հիմա այդ արձանագրությունները պահպանվում են և ծառայում են իշխանությունների շահերի սպասարկման երկարաձգմանը, այն ժամանակ, երբ Թուրքիան դրանք օգտագործում է ի նպաստ իրեն` աշխարհին ցույց տալու, թե իբր հաշտեցման գործընթաց է ընթանում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Նա նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահի ելույթի բովանդակությունն էլ կախված է այն հանգամանքից, թե Հայաստանն իրենից ինչ հետարքրություն է ներկայացնում, որովհետև այն Հայաստանը, որը սպասարկում է իր շահերը, միշտ էլ գործընկերներ կունենա, այնինչ` վասալային կախվածության մեջ գտնվող պետությունը չի կարող գործընկերներ ունենալ:

 

Yerkir.am-ի հարցին` Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությամբ ի՞նչ ակնկալիքներ ունի «Ժառանգություն» կուսակցությունը, այն դեպքում, երբ վերանշանակվել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ լինելու է մեկ հստակ ուղղվածություն` հնարավորինս երկարաձգել իշխանության կյանքը, և Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը որևէ փոփոխություն չի առաջացնի:

 

«Ուրիշ ակնկալիք չունենք, որ պետական շահը կսպասարկվի: Դա մենք չենք տեսել այս տարիների ընթացքում: Արտգործնախարարը կատարող անձ է, և արտաքին քաղաքականությունը որոշում է մեկ անձ»,- ասաց նա: