կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 14:13
Քաղաքական

Եթե օֆշորը մի կողմ դնենք, սա քաղաքական նորմալ նշանակում է. Արզումանյանը՝ Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու մասին

Եթե օֆշորը մի կողմ դնենք, սա քաղաքական նորմալ նշանակում է. Արզումանյանը՝ Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու մասին

Յուրի Վարդանյանը ֆանտաստիկ լավ սպորտսմեն է' ֆենոմենալ արդյունքներ արձանագրած, որով հպարտացել ենք, բայց դա չի նշանակում, թե նա ի վիճակի է Հայաստանը ներկայացնել Վրաստանում, որտեղ կան բազմաթիվ ու բազմապիսի հարցեր. լրագրողներին այսօր ասաց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

 

Յուրի Վարդանյանի' Վրաստանում դեսպան նշանակվելը նախկին արտգործնախարարի համար անհասկանալի է հատկապես հիմա, երբ  այս տարածաշրջանում նոր բաժանարար գծերի վտանգ է ստեղծվում, և Վրաստանը արդեն հստակ ստորագրեց ասոցացման պայմանագիրը, եւ այնտեղ խրթին հարցերի տասնյակներ են լինելու, որոնք ամենօրյա հետևողական դիվանագիտական աշխատանք են պահանջում:

 

«Վրաստանը մեր համար մեկ կարևորագույն գործընկեր երկիրն է, և Վրաստանում մեր դեսպանի աշխատանքը կարևորագույններից մեկն է, ու շատ կարևոր է, որ նա լինի հմուտ դիվանագետ, փորձված գործիչ»,- նշեց Արզումանյանը:

 

Նախկին արտգործնախարարը նշեց, թե այս հարցն իրեն էլ է առնչվել ժամանակին, ու պարզաբանեց, թե դիվանագիտական ծառայությունը ռազմական ծառայության նման է' մարդիկ անցնում են աստիճաններով ու հասնում ինչ-որ աստիճանի: Լինում են բացառություններ, երբ երկիրը նոր է ստեղծվում, չունի դիվանագիտական կորպուս եւ բանակ, այդ դեպքում մարդիկ կարող են միանգամից գեներալ  կամ դեսպան դառնալ, և  դա պատահում է յուրաքանչյուր նոր անկախացած երկրի հետ: Արզումանյանը բացատրեց' կան նաև նշանակումներ, որոնցով երկրի ղեկավարը ցույց է տալիս, որ կոնկրետ այս անձնավորությունը  լիակատար վստահություն է վայելում, ինչպես Օբաման արեց` Ռուսաստան ուղարկելով իր մտերիմ ընկերներից մեկին, ով մեծ համբավ ունի` որպես Ռուսաստանի մասնագետ, նաև` մարդ, որն անմիջականորեն ներկայացնում է նախագահին. սա էլ պատգամ է...

 

«Նման որևէ կրիտերիայի, ցավոք, Յուրի Վարդանյանը չի համապատասխանում: Եվ կա նաև հին սովետական ոճը, երբ չինովնիկները, որոնք լավ չեն աշխատում կամ չես ուզում գործից ազատել, ուղարկում ես պատվավոր աքսոր' տարբեր երկրներ դեսպան: Դա կաշխատեր, եթե ուղարկեին, օրինակ, Ջամայկա, որտեղ կարելի էր մի քանի տարի աշխատել ու մեծ արդյունքներ չակնկալել»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու հանգամանքին, ապա այստեղ, ինչպես նշեց Ալեքսանդր Արզումանյանը, քննադատության պրոբլեմ կա. «Այստեղ կա օֆշորային սկանդալ, իսկ եթե դա ապացուցվի, ապա դեսպանի խնդիր չի լինի, այլ խնդիրը կլինի, թե կոնկրետ ո՞ր քրեակատարողական հիմնարկի մասին ենք խոսում...»,- նշեց պատգամավորը:

 

Բայց, որպես դեսպանացու, Արզումանյանը Տիգրան Սարգսյանի մասին կարծիք հայտնեց, թե ԱՄՆ-ը շոյված պետք է լինեն, որ մենք նախկին վարչապետ ենք նշանակում իրենց երկրում դեսպան: Երկրորդ' Ալեքսանդր Արզումանյանը չի կարծում, թե Տիգրան Սարգսյանը որևէ պրոբլեմ կունենա հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը նորմալ ներկայացնելու առումով: «Այսինքն' եթե օֆշորը մի կողմ դնենք, սա քաղաքական նորմալ նշանակում է»,- ասաց նա:

 

Հետաքրքրվեցինք' երբ նախկին վարչապետին նշանակում են մի երկրում` ԱՄՆ-ում, դեսպան, որը աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներից' բևեռներից մեկն է, արդյո՞ք դա Հայաստանի արտաքին քաղաքական օրիենտացիայի մեջ փոփոխություն է մատնանշում' ավելի ընդգծելով արևմտամետ կողմնորոշման կարևորությունը, ինչին պատգամավորը պատասխանեց' Հայաստանը նախկինում էլ նախկին վարչապետի, օրինակ` Արմեն Սարգսյանին, նշանակել է դեսպան Մեծ Բրիտանիայում, և որևէ մեկը չի ընկալել, թե դրանով Հայաստանը դարձել է բրիտանահպատակ:

 

«Ձեր հարցադրման մեջ իրավացի եք, ձեր ասածում կա պահ' լինում են դեպքեր, երբ, օրինակ, փոխարտգործնախարար նշանակելով, օրինակ' Ռուսաստան, կամ, նախկին նախարար նշանակելով, ցույց են տալիս այդ երկրի կարևորությունը: Ավելի բարձր է իր ստատուսով լինելու նախկին վարչապետը, եթե հավատարմագրվի, քան մյուս դեսպանները: Որոշակի դիսբալամս այդտեղ կա, բայց չեմ կարծում, թե  դեսպանի մակարդակով են բնութագրվում դիվանագիտական հարաբերությունների կողմնորոշումները»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը: