կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 12:52
Քաղաքական

Կոստանյանը խոսեց Երրորդմասցի Լյովիկի սպանության մասին

Կոստանյանը խոսեց Երրորդմասցի Լյովիկի սպանության մասին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների մոտ իջավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով վաղուց չէր պատասխանել կուտակված բազմաթիվ հարցերին: Լրագրողների հարցերը վերաբերում էին վերջերս Երևանում ու Գյումրիում արձանագրված` քրեական բնույթի դեպքերին, կրակոցներին ու սպանություններին, նաեւ, թե ինչո՞ւ է ստեղծվել քրեածին վիճակ:

 

«Քրեածին և քրեական վիճակի վերլուծության հետ կապված` ես կարծում եմ` վաղ է խոսել, թե ինչով է այդ վիճակը պայմանավորված, բայց, որպես կանոն, դա իր հիմքում ունենում է զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում: Բայց յուրաքանչյուր գործով անցկացվում են համալիր միջոցառումներ, որոնք կարող են ասել, թե տվյալ հանցանքն ինչպե՞ս է ծնվել և ի՞նչ պայմաններում»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

 

Լրագրողների հարցին` արդյո՞ք նման քրեածին վիճակը ոստիկանության բացթողումների մասին չի վկայում, նա խուսափեց կոնկրետ պատասխանել` ասելով. «Մենք չենք խոսում բացթողումների մասին, մենք խոսում ենք հանցավոր վիճակը մշտապես հսկողության տակ պահելու և հանցածին հանգամանքները նվազեցնելու մասին, թե այս կամ այն միջոցառումն ունի՞ պատշաճ արդյունավետություն, դա արդեն հընթացս պարզ կլինի»:

 

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի մամուլում շրջանառվող լուրերը, որ Աղվան Հովսեփյանն ու Վլադիմիր Գասպարյանը լծվել են իրեն պաշտոնանկ անելու գործին, պատասխանեց. «Լուրեր, որպես կանոն, չեմ մեկնաբանում, բայց վստահ եմ, որ եթե որևէ պաշտոնատար անձ ուզում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել, դա շատ ողջունելի է և օրինաչափ, որովհետև նման ձգտումների պարագայում տվյալ պաշտոնատար անձը անպայման աշխատելու է իր անձնական, մասնագիտական որակների կատարելագործման ուղղությամբ»: