կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-14 15:51
Քաղաքական

Ժողովուրդը պետք է տեսնի իրական քայլեր. ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արթուր Դավթյանի թեկնածությանը

Ժողովուրդը պետք է տեսնի իրական քայլեր. ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արթուր Դավթյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ նիստում պատգամավորներն ու խմբակցությունները ելույթներում կարծիք էին հայտնում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ գլխավոր դատախազի ընտրությունը չափազանց կարևոր է, համընկնում է երկրում տեղի ունեցող լրջագույն փոփոխությունների հետ, երբ ազդարարվում է ռեֆորմներն արագացնելու նոր, որակական սկզբի մասին: Այդ համատեքստում են տեսնում գլխավոր դատախազի ընտրությունը, ով ունենալու է պատմական առաքելություն՝ գործել նոր Սահմանադրությանը համապատասխան: Արմեն Ռուստամյանի համոզմամբ` գլխավոր դատախազությունը նույնպես պետք է անցնի նոր համակարգի, նոր քաղաքական հարաբերությունների, նոր խաղի կանոնների:

Պատգամավորը շեշտեց, որ հասարակության մեջ կա կուտակված մեծ դժգոհություն, մարդիկ այլևս չեն հավատում խոստումների, խոսքերի և այսօր են ուզում տեսնել դրական փոփոխությունները: «Ինչ էլ ասենք, հասարակության համար որևէ երաշխիք չի առաջացնելու, եթե չտեսնեն ձեր քայլերը, և եթե տեսնեն իրական քայլեր, որ մարդը եկել է, Սահմանադրությանը համապատասխան, երկիրը փոխելու, արդարությունը վերականգնելու, ապա ժողովուրդը շատ արագ կարող է դա գնահատել»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հույս հայտնելով, որ նոր գլխավոր դատախազը կիրականացնի քայլեր, որոնք հնարավորություն կտան սահուն անցում կատարելու խորհրդարանական համակարգին:

Ըստ նրա` պետք է ամբողջությամբ վերանայվի դատախազության մասին օրենքը, այն պետք է համապատասխանեցվի նոր Սահմանադրությանը: Կան քայլեր, որոնք այսօրվանից պետք է կատարվեն, դրանց համար խոչընդոտներ չկան: Ռուստամյանը նշեց, որ գլխավոր դատախազությունը պետք է պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտ ներդնի, պետք է քրեականացվի ապօրինի հարստացումը, պետք է պայքար մղի կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ, ստեղծի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին:

Ռուստամյանը կարևորեց գլխավոր դատախազության կողմից  ձերբակալությունների վերաբերյալ պատգամավորներին համակողմանի տեղեկատվության տրամադրումը, որպեսզի հասկանալի լինի՝ ձերբակալությունները օրինակա՞ն են, թե՞ ոչ:

Պատգամավորը հաջողություններ մաղթեց գլխավոր դատախազի թեկնածուին` ասելով, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նրա ընտրությանը: