Վարդենիս ավագանու անդամ, դաշնակցական Արաքսյա Հայրապետյանը գրում է.
«Վերջին երկու օրը ակտիվ քննարկվում է Դաշնակցության գրասենյակի մուտքի դիմաց տեղի ունեցած միջադեպը, երբ հարևանի ծաղկամանի ընկնելու հետևանքով վնասվել է Եռագույն դրոշի ձողը։ Լուսանկարն արագ տարածվեց՝ ուղեկցվելով մեկնաբանություններով, թե իբր «Դաշնակցության բուն նպատակը ՀՀ պետականություն չունենալն է»։
Այս պնդումը ոչ միայն անհիմն է, այլև հակասում է պատմությանը։
Դաշնակցությունը իր 135-ամյա գործունեության ողջ ընթացքում ունեցել է մեկ հիմնարար նպատակ՝ ունենալ և պահպանել հայկական պետականություն։ Բավական է հիշել Արամ Մանուկյանին՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկին, որի անունը ոչ թե պարզապես պատմական հիշատակ է, այլ պետականության կերտման կենդանի խորհրդանիշ։
Այսօր կրկին ակտիվացել են հակադաշնակցական ելույթները՝ կուլիսներից մինչև Ազգային ժողովի ամբիոն։ Բայց եթե խոսում ենք Եռագույնի մասին, եկեք խոսենք ամբողջ ճշմարտությամբ։
Ուրախ եմ, որ մեր պետական դրոշի նկատմամբ կա այդքան զգայունություն և սրտացավություն։ Սակայն նույն սրտացավությամբ արժե բարձրաձայնել նաև այլ ցավոտ հարցեր․ Արցախի հանձնման մասին, այն օրերի մասին, երբ մեր Եռագույնը ոտնահարվեց, այրվեց կամ փոխարինվեց թշնամու դրոշով, 2020 թվականի պատերազմից հետո պարկերի մեջ վերադարձված մեր տղաների մարմինների մասին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար,Եռաբլուր զինվորական պանթեոնում իրենց զավակների շիրիմներին կանգնած ծնողների նկատմամբ վերաբերմունքի մասին։
Եթե խոսում ենք դրոշի արժանապատվությունից, ապա այն պետք է պաշտպանենք ոչ միայն լուսանկարի մակարդակում, այլ նաև իրական պատմության, իրական ցավի և իրական պատասխանատվության մեջ։
Պետականությունը բառ չէ։ Այն արյամբ ու զոհողությամբ կերտված իրականություն է։
Եվ այդ իրականության համար պայքարած ուժերին մեղադրել պետականություն չուզելու մեջ՝ առնվազն անարդար է»։