կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-13 15:32
Մշակույթ

Նարեկ Դուրյանի ներկայացումները` նոր թատրոնում

Նարեկ Դուրյանի ներկայացումները` նոր թատրոնում

Հայ թատերասերներն այսուհետև հնարավորություն կունենան սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի ներկայացումները դիտելու նոր բեմում` Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միության շենք: Սա Դուրյանի հիմնադրած նոր թատրոնի հասցեն է, թատրոն, որտեղ պարբերաբար կցուցադրվեն դերասանի սիրված ներկայացումները, ինչպես նաև կլինեն պրեմիերաներ, կանցկացվեն վարպետության դասեր և այլ միջոցառումներ: Ներկայացումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, «Իմ կնոջ անունն է Մորիս» (հեղինակ` Ռաֆֆի Շարտ) կատակերգությամբ, որը ցուցադրվել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում:

Հաջորդիվ հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտելու Նարեկ Դուրյանի խաղացանկի մյուս`«Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Շեղշե լա ֆամ», «Օպերացիա Նեմեսիս», «Կոմա Նոստրա» ներկայացումները:

Գրողների միության շենքի դահլիճը, որը 10 տարի ժամկետով վարձակալել է սիրված դերասանը, վերանորոգվել է և վերազինվել ժամանակակից տեխնիկայով: Հանդիսատեսի համար ստեղծվել են հնարավորինս հարմարավետ պայմաններ` վայելելու ներկայացումները գեղեցիկ դահլիճում:

Բոլոր դերասանները, ովքեր մինչ այդ ներգրավված են եղել Նարեկ Դուրյանի ներկայացումներում, շարունակելու են իրենց աշխատանքը նոր թատրոնում: Ներկայացումներում հանդես են գալու Նարեկ Դուրյանը, Ռաֆայել Երանոսյանը, Զավեն Աբրահամյանը, Արայիկ Դեղտրիկյանը, Վահագն Գալստյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Թամարա Պետրոսյանը և այլք: Թատրոնում ներգրավված են նաև Դուրյանի ուսանողները:

Այս տարվա նոյեմբերին թատրոնը հանդես կգա պրեմիերայով: Կցուցադրվեն նաև հատուկ մանուկների համար նախատեսված ներկայացումներ:

Նարեկ Դուրյանը և նորաստեղծ թատրոնի անձնակազմը շնորհակալություն են հայտնում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին՝ ի դեմս մշակութային օջախի տնօրեն Ռուբեն Բաբայանի և ողջ անձնակազմի ՝ տարիներ շարունակ թատրոնում իրենց ներկայացումները ցուցադրելու հնարավորության և աջակցության համար,բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել և աջակցել են նոր թատրոնի ստեղծմանը: