Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ճիշտ են ասում. «Սուտ էլ կա, սուտ՝ էլ»… Հերթական անգամ հանդիսատեսը հավաքվել էր Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ պրոֆեսիոնալ մակարդակով բեմականացված սուտ լսելու: Եվ ինչպես ասում է ներկայացման հեղինակ Նարեկ Դուրյանը՝ «Թատրոնի պատերից այն կողմ ստերը քիչ չէին, մարդիկ գալիս են այդտեղ էլ սուտ լսելու»:
«Մենք ենք, մեր ստերը» ներկայացումը դեպուտատ Սոկրատ Սողոմոնյանի եւ նրա օգնական Խաչիկ-Փուչիկի մեր իրականությանը եւ ժամանակին համապատասխանող հորինված սուտ գործունեության մասին է, քանզի նրանց ստերն էլ են սուտ, եւ սուտ սուտն էլ է սուտ…
Եկեք տեսնենք, թե ներկայացման մեջ վերհանված ո՞ր գաղափարն է սուտ, եւ ով կհաստատի, որ սուտ է, կստանա երկու հոգու համար նախատեսված հրավիրատոմս` «Մենք ենք, մեր ստերը» ներկայացումը դիտելու համար:
Ով կարող է ասել, որ սուտ է այն, որ այժմ մեր երգչուհիները, չգիտես թե ինչու, երգչուհի-դերասանուհի-հաղորդավարուհի «եռամասնագիտացված» են հանրությանը ներկայանում կամ էլ մեր այժմյան երգերից շատերը գրված չեն ժարգոնով` «կյանքից վերցված» հայերենով, իսկ տեսահոլովակ նկարահանելու լավագույն վայրը, այս դեպքում` կադրը, Դուբայն է`իրեն բնորոշ կլկլոցներով…
Եվ վերջերս երգողներն այնքան են շատացել, այսինքն` «Հայաստանում այնքան աստղ կա, բայց մենք մթության մեջ կորում ենք»:
Չէ, երեւի սուտ է այն, որ Հայաստանում մտավորականների փափուկ «ր»-ն՝ գնալով «ռ» է դառնում, եւ «մենք այնքան քաղաքակիրթ ենք, որ չենք կռվում` խփում-փախնում ենք եւ այնքան խելացի, որ բոլորս գնում ենք Թուրքիա` ծովափներում ֆռֆռալու»…
Սո՞ւտ է, որ հեռուստացույց դիտելուց հետո, երբ դուրս ես գալիս փողոց` սկսում ես մտածել. «Տեսնես կա՞ մեկը, ով մաֆիոզ չի»..., եւ այն, որ ոմանք ընդունում են չարիքի նվազագույնը, ոմանք` նվազագույն չարիքը:
«-Նոր շենք կուզեմ առնել Հայաստանում:
-Շատ լավ: 2 շենքի արանքում 3 մետր տեղ կա, քոնն ալ ատ տեղ կը ճղտանք, կ’երթա:
-Բայց նեղ կըլլա:
-Ոչինչ, դուն հոգիդ լեն պահե»: Դե, հաստատեք, որ այս երեւույթը սուտ է…
Կարծում եք սուտ է, որ Հայաստանում դեպուտատ լինելը շատ դժվար եւ բարդ բան է. դեպուտատը պետք է լինի ստախոս եւ «աշխատի ի փառս եւ ի բարօրություն ազգին հայոց: Սակայն տղամարդն ինչքան էլ ստախոս լինի, կինն այդ հարցում` է~:
Սո՞ւտ է, որ աշխարհի ամենաանկախ ազգը մենք ենք, որովհետև աշխարհում ոչինչ կախված չէ մեզանից, չնայած հանգամանքին, որ «Չերչիլը խմում էր հայկական կոնյակ, իսկ Նապոլեոնի ձին Ղարաբաղից էր»…
Ճիշտ չէ՞, որ, առհասարակ, թագավորները փիլիսոփայում են, փիլիսոփաները` թագավորում…»:
Կարծում եմ` այսքանը բավարար է, մնացած ստերը կարող եք ինքներդ դիտել:
Թերեւս ճիշտ է Դուրյանը. «Եթե հայերը ստելու համար տուրք վճարեին, մեկ է, Քուվեյթն իր նավթով աղքատ երկիր կլիներ»:
Ճիշտ է, սո՞ւտ է… չգիտեմ, բայց խեղճ ու հոգնած հարցական նշանը դեռ երկար յուրաքանչյուրիս գլխին կախված կմնա…
Նարեկ Դուրյանի նոր՝ «Մենք ենք, մեր ստերը», ներկայացումը յուրաքանչյուրիս գլխին կախված հարցական նշանի մասին է: