Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի նոր՝ «Օրագիր» փաստավավերագրական դրաման՝ ըստ Լիանա Բաղդասարյանի օրագրի:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` պրեմիերաները տեղի կունենան ապրիլի 24-ին, 25-ին և 26-ին: Բեմադրությունը, երաժշտական ձևավորումը՝ ՆարեկԴուրյանի: Նա նաև պիեսի հեղինակն է:
«Հերոսական ներկայացման մեջ ամփոփված են 1988-ից մինչև մեր օրերը տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այդ թվում՝ Ղարաբաղյան շարժումը, ապրիլյան պատերազմը: «Օրագրի» առանցքում մեր ժամանակակից պատմությունն է: 15 տարի առաջ Լիանա Բաղդասարյանը պարոն Դուրյանին է տվել իր անձնական օրագիրը՝ ասելով, որ եթե հնարավորություն լինի, Դուրյանը կարող է ներկայացում բեմադրել իր օրագրի հիման վրա: Օրագրի հերոսները 4 ընկերուհիներ են, ովքեր 1983-88 թթ. սովորել են Բաքվի մանկավարժական ինստիտուտում: Եվ Նարեկ Դուրյանը որոշեց նոր ներկայացմամբ անդրադառնալ այդ օրագրին: Ի դեպ, օրագրի հերոս չորս ընկերուհիները Ղարաբաղյան շարժման ժամանակ տեղափոխվել են հայրենիք և ապրում են այստեղ մինչև այսօր` դաստիարակելով նոր սերնդին»,- նշում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Յուրօրինակ ու հետաքրքիր ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսն ինքնատիպ պատմական էքսկուրս կկատարի՝ հայտնվելով տարբեր ժամանակահատվածներում, ականատես դառնալով վերջին տարիների մեր հերոսական հաղթանակներին, վայրէջքներին ու վերելքներին: Հանդիսատեսը ևս մեկ անգամ կգիտակցի, որ հայ ժողովուրդն ամենավճռորոշ պահին միասնական է դառնում, ու որ դժվար է կոտրել այս ժողովրդին:
Քրիստինա Հովհաննիսյանը փաստում է՝ «Բոհեմ» թատրոնում շատ են կարևորում պատմական բեմադրություններն ու անցյալի պատմությունների միջոցով ներկան արժևորելը: Պատմական իրադարձություններին հաղորդելով թարմ շունչ՝ Նարեկ Դուրյանը փորձել է հաղթանակների ու ձեռքբերումների` երեք տասնամյակ տևող պատմությունը հետաքրքիր և հասանելի կերպով մատուցել հայ հանդիսականին:
Ներկայացման մեջ խաղում են Նարեկ Դուրյանը, Քրիստինա Հովհաննիսյանը, Թամարա Պետրոսյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Սուսաննա Ղազարյանը, Թելման Առաքելյանը, Արտակ Մանուկյանը, Րաֆֆի Թադևոսյանը, Գարիկ Միրզոյանը: Թատրոնի պրոդյուսերը հատուկ շեշտում է, որ «Օրագրի» դերասանների մեծ մասը երիտասարդներ են: Ի դեպ, դերասաններից շատերը մի քանի հերոսի են մարմնավորում: