կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-15 13:24
Մշակույթ

Իմ ներկայացումները կյանքից ″փախած″ չեն. Վարդան Պետրոսյան

Իմ ներկայացումները կյանքից ″փախած″ չեն. Վարդան Պետրոսյան

Հույներն ասում են` մարդու գլուխը պետք է սառը լինի, ոտքերը` տաք, սակայն սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մոտ ճիշտ հակառակն է` ոտքերը սառն են, գլուխը` տաք: Եվ այդպես` «տաք գլխով» ու սրտով էլ նա հերթական ներկայացումն է բեմադրել, որը կոչվում է «Ամեն երկուշաբթի»: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 29-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում, որից հետո այն բեմում լինի ամեն երկուշաբթի:

 

Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ արդեն երկար ժամանակ է` ցանկանում էր նոր ներկայացում բեմադրել, սակայն այն, ինչ գրում էր, ճիշտ է, իրեն դուր գալիս էր, բայց ինքը` որպես հանդիսատես, չէր նայի դա: Իսկ «Ամեն երկուշաբթին», ըստ նրա, փնտրված եւ գտնված վերնագիր էր իր համար:

 

«Ես միշտ խուսափել եմ խոհափիլիսոփայական վերնագրերից... Ինչպես գիտենք, երկուշաթբին թատրոնի օր չէ, սակայն իմ բախտն ինձ հետ է, եւ մեզ` որպես «կույրաղիքային» թատերախումբ, միշտ երկուշաբթի օրն էին տրամադրում, եւ այնպես էր ստացվում, որ ամեն երկուշաբթի ես ներկայացում էի խաղում: Հետո սկսեցի սիրել երկուշաբթին. չէ՞ որ դա էլ Աստծո օրերից է, եւ հետո` երկուշաբթին նոր բան սկսելու առաջին օրն է»,- ասաց դերասանը:

 

Ըստ նրա` ներկայացումը լինելու է զրույց հանդիսատեսի հետ` վերջինիս հուզող հարցերի շուրջ: Պետրոսյանի տեղեկացմամբ` յուրաքանչյուր ներկայացման ժամանակ կարող է մեկ հյուր լինել, ներկայացման որոշ մասեր ընթացքում կարող են փոփոխվել. մի խոսքով, ըստ Պետրոսյանի, սա մի ներկայացում է, որը եթե ստացվեց, իր բարոյական հաղթանակը կլինի:

 

«Ներկայացման մեջ անհնար է չանդրադառնալ մարդկանց հուզող հասարակական-քաղաքական հարցերին, հակառակ դեպքում դա կլիներ փախուստ ինքս ինձնից: Իմ ներկայացումները կյանքից «փախած» չեն: Ներկայացման մեջ կա ամբողջ քաղաքական անցուդարձը` առանց քաղաքականության, այսինքն` կան բաներ, որոնք խոսքով չեմ կարող փոխանցել, ինչի համար էլ չեմ ուզում շատ մանրամասներ պատմել»,- ասաց դերասանը եւ հավելեց, որ հնարավոր է նաեւ, որ ներկայացումը կեսից ընդհատվի, եւ ինքը սկսի զրուցել հանդիսատեսի հետ, քանի որ թատրոնը, ըստ Պետրոսյանի, միայն դերասանի «գործը» չէ: «Չնայած, մյուս կողմից, թատրոն ասելով` չպետք է հասկանալ լեփ-լեցուն դահլիճ. կարեւորն այն է, թե դու ինչ խաղացիր եւ ինչ տեղի ունեցավ քո եւ հանդիսատեսի հոգում»,- ասում է նա:

 

Վարդան Պետրոսյանն իրեն աշխարհի ամենաերջանիկ դերասաններից մեկն է համարում, քանի որ իր հանդիսատեսը բաղկացած է տարբեր խավերի եւ տարբեր տարիքի մարդկանցից: Ըստ նրա` դերասանը երջանիկ է, երբ ունի հանդիսատես, որը սպասում է իրեն:

 

Անդրադառնալով քաղաքական անցուդարձին` Պետրոսյանը նշեց, որ մարդիկ այժմ հուսախաբված են, սակայն անվերջ ելք են որոնում, քանի որ, ըստ նրա, երբ իրավիճակը դառնում է վտանգավոր, մարդիկ ճարահատյալ ելք են փնտրում. «Ելքը ելք փնտրելու մեջ է. ես իմ ելքը գտա ներկայացման միջոցով: Ընտրություններից հետո ծայր առնող արտագաղթը չնայած սպասելի էր, սակայն, կարծեմ, թվերը գերազանցեցին սպասումները, այնպես որ` լեփ-լեցուն դահլիճներին սովոր դերասանները ստիպված են համակերպվել այն մտքի հետ, որ, այո, կիսադատարկ դահլիճում էլ պետք է ներկայացում ցուցադրեն»: