Համազգային թատրոնի նորանշանակ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվ, քայլ անենք` միասին:
Իբրև նորանշանակ գեղարվեստական ղեկավար՝ լավատեսությամբ համակված և նաև ստեղծված իրավիճակից ելնելով, արժևորելով Ձեր մասնագիտական որակները և թատրոնի հանդեպ ձեր նվիրվածությունն ու սերը, աշխատելու և արարելու Ձեր ցանկությունը՝
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝
1. Առաջարկ ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ.
Բարձր գնահատելով Նարինե Գրիգորյանի և՛ դերասանական, և՛ ռեժիսորական կարողությունները՝ հրաժարվում եմ, իբրև ռեժիսոր, առաջինը ներկայանալ Համազգայինի բեմում սեփական նախագծով և առաջարկում եմ Նարինե Գրիգորյանին բեմադրել ցանկացած պիես՝ ցանկացած ստեղծագործական կազմով: Իմ կողմից պարտավորվում եմ ստեղծել աշխատանքային բարենպաստ միջավայր, ապահովել ֆինանսական հոսքեր, և անշուշտ, նպաստել ներկայացման հանրահռչակման գործընթացին:
2. Առաջարկ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԻՆ.
Լսելով ձեր մտահոգությունները մասնավորաբար ճեմասրահում Սոս Սարգսյանի նկարի, ձեր լուսանկարների, պատերին ազդագրերի առատության, կուլիսների խնդրի, դռների փականների և այլ խնդիրների շուրջը՝ առաջարկում եմ համատեղ քննարկել բոլոր խնդիրները և խոստանում անմիջապես դրական լուծում տալ:
Այսուհետ առաջարկում եմ առավել դեմոկրատ և թափանցիկ կառավարում:
Քայլ անենք միասին և ապացուցենք, որ բոլորս ենք մտահոգ թատրոնի ներկայով և ապագայով»:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Նարինե Գրիգորյանին նման «հնարավորություն» է ժամանակին տվել նաև Վիգեն Չալդրանյանը: Ի դեպ, ամենայն հարգանքով Շահվերդյանի հանդեպ, պետք է նշել, որ ոլորտին մի փոքր ծանոթ մարդն անգամ գիտի` Նարինե Գրիգորյանի առջև բաց են բոլոր թատրոնների դռները, և Գրիգորյանը կարող է հանդես գալ ցանկացած թատրոնում, ինչը և արել է` ինչպես տիկնիկային, այնպես էլ մնջախաղի թատրոններում:
Թատրոնում կրքերը հանդարտվելու փոխարեն կարծես ավելի են թեժանում: Դերասանական կազմից
Yerkir.am-ին հայտնեցին, որ շարունակում են դեկտեմբերի 1-ից մեկնարկած գործադուլը` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ Չալդրանյանը
մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքն արդեն իսկ քայլ արել է` մասնակիորեն բավարարելով դերասանական կազմի ցանկությունը` հրաժարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Սակայն, նրա խոսքով, ինքն էլ ունի անուն, արժանապատվություն և իր համար վիրավորական է այս իրավիճակը: «Ինձ ասացին` բա չե՞ս վախենում, որ մենք շատ ենք ու կարող ենք քո անունն արատավորել: Այո, վիրավորական է, որ դու ծառայել ես քո երկրին, նվիրվել արվեստին, չես գնացել երկրից, շատ բաներ զոհաբերել ես` վասն քո առաքելության և թատրոնի: Չեմ կարծում, որ այսօր ես արժանի էի նման վերաբերմունքի»,- ասաց Չալդրանյանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն էլ ասել էր` ևս մեկ անգամ կզրուցի կողմերի հետ, և եթե համաձայնության չգան, թատրոնը կգնա լուծարման: