կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 12:25
Հասարակություն

Զինվորների սեռաբջիջների պահպանման մասին նախագիծը հանվեց քննարկումից

Զինվորների սեռաբջիջների պահպանման մասին նախագիծը հանվեց քննարկումից

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում հետևյալ նախադասությամբ. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»:

Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն: Թևան Պողոսյանը ներկայացրեց օրենքի նախագծի մշակման նախապատմությունը, որի հիմքում ընկած է եղել ապրիլյան պատերազմը, երբ անմահացան տասնյակ զինվորներ, որոնց մեծ մասը ընտանիքի միակ զավակն էին ու ընտանիքի միակ հույսը: Պատգամավորը նշեց, որ ուսումնասիրել է այն երկրների փորձը, որոնք գտնվում են պատերազմական համանման իրավիճակում` Իսրայելն ու ԱՄՆ-ը, և մշակել է այդ օրենքի նախագիծը: Ըստ հեղինակի` այն ժամանակ հայ հասարակության էմոցիոնալ դաշտը պատրաստ չէր այդ գաղափարն ընդունել, անգամ` սխալ ուղղությամբ գնացին քննարկումները: Մինչդեռ, հաշվի առնելով երկրի ժողովրդագրական ցուցանիշների անմխիթար վիճակը, երբ Հայաստանը համարվում է ծերացող երկիր, որտեղ եթե անգամ ընտանիքները երեք երեխա ունենան, պարզ վերարտադրողական ցուցանիշները չեն վերականգնվի, առաջարկվող նախագիծը ստանում է կարևորություն:

«Մեր երկրի դեմոգրաֆիական մարտահրավերները ոչ ոք չի լուծել, դրանք գնալով խորանում են: Այս գաղափարն առաջ տանելիս պատրաստ էի ստանալ հարվածներ: Իհարկե, մենք հիմա ավելի շատ ներքին միասնականություն ունենալու մարտահրավեր ունենք: Այս հարցը քննարկել եմ առողջապահության նախարարի հետ, ով նշեց, որ եթե լինեն զինվորներ, ովքեր կցանկանան սեռաբջիջները պահել, պետությունը կստանձնի այդ պարտավորությունը: Հիմա ես առաջարկում եմ հանել այս նախագիծը քննարկումից, դրան կանդրադառնանք տարիներ հետո»,- ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ գաղափարը քննարկել է նաև բիոէթիկայի խնդիրներով զբաղվող տարբեր իրավաբանական խմբերի հետ, որոնք առաջարկել են ժողովրդագրական խնդիրները լուծել բոլոր հնարավոր միջոցներով:

Պատգամավորը շեշտեց, որ խոսքը պարտադիր երևույթի մասին չէ, լինելու է կամավորության սկզբունքով: Նաև հավելեց` քանի այդ գաղափարը սուր ընդունվեց հասարակության կողմից, կաշխատեն ապագայում ավելի ճիշտ նախագիծ մշակել:

Հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորին նման գաղափար ներկայացնելու համար և ասաց, որ եթե որոշում են նախագիծը հանել, ուրեմն պետք է նամակ գրել կառավարությանը, որ կառավարությունն ամեն դեպքում ուշադրություն սևեռի բարձրացվող հարցին: Նա նշեց, որ հարգում է այն պատգամավորներին, որոնք գալիս են կոնսենսուսի և ծանր չեն տանում այն, որ հարցը հանում են քննարկումից:

Քննարկմանը ներկա` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ առաջարկվող լրացումը պետք է լինի իրավունք, այլ ոչ` պարտականություն, քանի որ ամեն մարդ ինքն է որոշում իր վերարտադրողական ֆունկցիայի հարցը: Բաբլոյանը հավելեց, որ Թևան Պողոսյանը չի առաջարկում այն պարտադիր ամրագրել:

Որոշվեց հարցը հանել քննարկումից: