Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում․ հարցն այսօր առաջին Նընթերցմամբ քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոխհատուցում չկատարել, եթե շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում՝ երկու և ավելի անգամ օրենսգրքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել հարկային մարմին ներկայացվող՝ հարկային հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, տեղեկությունները, ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որևէ մեկով խախտում, համալիր հարկային ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումների մասով՝ ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման ակտով կամ անբողոքարկելի դարձած այլ վարչական ակտով արձանագրված հինգ միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:
Նախատեսվում է, որ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից և կկիրառվի այդ ամսաթվից հետո հարկային մարմնին ներկայացվող շահաբաժնից պահված եկամտային հարկը ետ ստանալու դիմումների վրա:
Նախագծի վերաբերյալ մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նշելով․ «Կացինը առած՝ բոլոր արտոնությունները կտրում եք, կարո՞ղ ա մեծ բեռ եք վերցրել, խառնվել եք իրար»։
Արման Պողոսյանն իր խոսքում նշեց, որ նախագծի նպատակը կարգապահության խրախուսումն է, ինչպես նաև այն մոտեցումը, որ ոչ օրինապահ վարքագիծ դրևորող ընկերությունները չլինեն այս համակարգում:
«Պարոն Պողոսյան, իրավացիորեն նշեցիք, որ սուբյեկտները տարբեր են, այսինքն՝ կազմակերպությունը թույլ է տալիս խախտում, դուք պատժում եք մեկ այլ սուբյեկտի և դա, իրականում, այդ արտոնությունից զրկելը , ոնց ուզում եք ձևակերպեք, նշանակում է պատժել։ Տարբեր սուբյեկտներ մեկը անում է, մյուսը՝ պատասխանատվություն է կրում։ Այստեղ էական խնդիր կա և էսպես արագ քննարկել- անցնելով, միևնույն է, այդ խնդիրն ինքնիրեն չի լուծվում։
Մի կարևոր հարց էլ․ հիմա ասում եք արտոնությունները վերացնենք, հանրային ռեսուրսն օգտակար օգտագործենք , ես էլ ասում եմ՝ կարող ա՞ այդ հանրային ռեսուրսը , որ ներդրվեն տնտեսության մեջ, էլ ավեի մեծ երկարաժամկետ էֆեկտ ունենա։ Այսինքն՝ պարզ բաներ ենք քննարկում ինչի՞ եք Պարոն Պողոսյան դուք հետևողականորեն այս 2-3 ամսվա ընթացքում արտոնությունները վերացնող հարկային օրենսդրությունն առավելապես խստացնող նախագծեր բերում․․․
Ի՞նչն է խնդիրը, որ փոխեցիք ձեր ուղեգիծը․ խոսում էիք ավելի շատ , որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ , ներողամիտ պետք է վերաբերվենք,ի՞նչը փոխվեց»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ հորդորելով շրջանառությունից հանել նախագիծը։
Հարցի քննարկման ավարտին ֆինանսների փոխնախարարն ասաց, որ ներկայացված դիտողությունները, առաջարկները աշխատանքային կարգով լրացուցիչ կքննարկեն։
Նախագծի քննարկումը հանձնաժողովը հետաձգեց մինչև երկու ամիս ժամկետով:
Մանրամասն՝ տեսանյութում։