կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 14:45
Քաղաքական

Իշխան Զաքարյանը թող քննարկումից հետո մեկներ գործուղման. Նիկոլ Փաշինյան

Իշխան Զաքարյանը թող քննարկումից հետո մեկներ գործուղման. Նիկոլ Փաշինյան

ԱԺ այսօրվա նիստում, երբ քննարկվում էր Վերահսկիչ պալատի 2014թ. գործունեության տարեկան ծրագիրը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանին, որը վերաբերում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե ինքը ՀՀ քաղաքացի չհամարվող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվների կառավարիչն է:

 

«Այդ հայտարարությունը կասկածի տակ է դնում Իշխան Զաքարյանի հետագա պաշտոնավարումը: Իշխան Զաքարյանը բացատրում է, որ գումարները նրա համար են, որ Ալբերտ Բոյաջյանի համար տուն կառուցի, բայց արդյունքում ստացվել է, որ Իշխան Զաքարյանը իր համար է տուն կառուցել: Դա լուրջ հարցեր է առաջացնում»,- ասաց Փաշինյանը: Ըստ պատգամավորի` հանրային ծառայության մասին օրենքի համաձայն` հստակ նշված են պետական պաշտոնյաների էթիկայի կանոններ, և Իշխան Զաքարյանը չի ներկայացել ԱԺ, որպեսզի չպատասխանի այդ հարցերին:

 

ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը նշեց, որ ինքն է ներկայացնում տարեկան ծրագիրը, որովհետև Իշխան Զաքարյանը հանրապետությունում չէ, նա մեկնել է Արցախ` գործուղման:  Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հարցը չի վերաբերում քննարկվող թեմային` տարեկան ծրագրին, և ինքը իրավասու չէ պատասխանել այդ հարցին:

 

ՀԱԿ պատգամավորը հակադարձեց` ասելով. «Դուք էստեղ չեք` որոշելու համար, թե որ հարցը ինչքանով է առնչվում քննարկվող հարցին: Դուք ըստ էության պատասխանեք»: Նա նշեց, որ իր հարցը առնչվում է թեմային, քանի որ ՎՊ-ն հանրությանը պետք է օգնի կոռուպցիայի դեմ պայքարում, այնինչ ՎՊ նախագահը կոռումպացված է: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Իշխան Զաքարյանը իրավունք չուներ այսօր մեկնելու գործուղման, երբ երկրի օրենսդիր մարմնում հարց է քննարկվում: «Թող քննարկումից հետո գնար գործուղման: Սա ի՞նչ գործելաոճ է»,- ասաց նա:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իր հարցերը բարձրացնել նաև այլ հարթակներում, սակայն Լիլիթ Գևորգյանը ՎՊ նախագահի վստահված անձը չէ, որ պատասխանի նման բնույթի հարցերի: