կարևոր
2440 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-30 11:40
Քաղաքական

Իշխանությունն ավելի շատ վախենում է ոչ թե հանրահավաքից, այլ դահլիճային քննարկումից․ «Հրապարակ»

Իշխանությունն ավելի շատ վախենում է ոչ թե հանրահավաքից, այլ դահլիճային քննարկումից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Մայիսի 28-ին ազդարարվեց նոր քաղաքացիական շարժման մասին, որի խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ Շարժումը կոչվում է «Մայր Հայաստան», նախաձեռնողներն են Անդրանիկ Թեւանյանը, զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, քաղաքագետներ Արթուր Խաչիկյանը, Ստեփան Դանիելյանը, նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, լրագրող Բորիս Մուրազին, Երվանդ Բոզոյանը, փաստաբան Հովհաննես Խուդոյանը եւ այլք։ Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ շարժման խնդիրը հանրային լայն համախմբում ստեղծելն է։ Նախաձեռնողներից Ստեփան Դանիելյանին հարցրինք, թե ինչ քայլերով են ստեղծելու այդ համախմբումը, փողոցային պայքարո՞վ, թե՞ այլ մեթոդներով։

«Մենք նախ արձանագրել ենք, թե ինչ են ցանկանում քաղաքացիները․ մարդիկ ցանկանում են ոչ թե կուսակցական, այլ վերկուսակցական ինչ-որ շարժում, որտեղ չլինեն կուսակցությունները։ Ցավոք սրտի, դա նորմալ երեւույթ չէ, բայց կուսակցությունների նկատմամբ կա հանրային անվստահություն։ Երկրորդը․ մարդիկ ցանկանում են, որ այնտեղ լինեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ, որոնք կարողանան հետագայում համախմբել հանրության մեծ մասին։ Երրորդը․ երբ լինում են ինչ-որ գործընթացներ, բոլորը կասկածում են, որ դա արվում է իշխանության գալու համար, այսինքն՝ ինչ-որ միավորում գա իշխանության, եւ նպատակն աթոռակռիվն է։ Այդ խնդրի պատասխանն էլ ենք տվել՝ ասելով, որ մենք չենք ձգտում իշխանության, մեր նպատակը ժամանակավոր կառավարություն ձեւավորելն է, որը կապահովի նոր ընտրություններ, բնականաբար, կառավարության հրաժարականին հասնելուց հետո, եւ ով լինի վարչապետ, հրապարակային խոստանալու է, որ ինքն ընտրություններին իր թեկնածությունը չի դնելու եւ իշխանության չի ձգտելու, իր խնդիրն ուղղակի հանրության միաբանությունն ապահովելն է՝ գործընթացը նոր էջից սկսելու համար, որովհետեւ իրավիճակը չափազանց վատ է։ Ինչ վերաբերում է քայլերին, ապա մենք մշակում ենք մեր քայլերը եւ, ըստ էության, բոլոր եղանակներն էլ օգտագործելու ենք։ Մենք մարդկանց կոչ չենք անելու՝ դուրս գալ աննպատակ հանրահավաքների, աննպատակ քայլերթերի, մենք դա կանենք, երբ վստահ լինենք, որ դա կբերի հաջորդ քայլին՝ իշխանության հրաժարականին։ Այսինքն՝ այդ միջոցներից մենք չենք հրաժարվում, այլ ուղղակի դրանք պետք է օգտագործվեն այն ժամանակ, երբ արդյունքը լինի կանխատեսելի, եւ հանրությունը կարողանա մոբիլիզացվել։ Հիմա մեր հիմնական խնդիրը հանրությանը մոբիլիզացնելն է, ե՛ւ գործող իշխանությունը, ե՛ւ ընդհանրապես ցանկացած իշխանություն ավելի շատ վախենում է ոչ թե հանրահավաքներից կամ երթերից, այլ հենց դահլիճային քննարկումներից, որտեղ տեղի է ունենում մոբիլիզացիա։ Մենք դեռեւս դահլիճային եղանակներով կփորձենք մարդկանց մոբիլիզացնել, հանրությանը ներկայացնել ապագա քայլերը, եւ երբ մարդիկ համոզված լինեն այս ամենի մեջ, կանենք հաջորդ հրապարակային քայլը՝ փողոցային եղանակով»,- ասաց Դանիելյանը։

Քանի որ նախաձեռնության ղեկավարներից մեկն Անդրանիկ Թեւանյանն է, ով Երեւանի քաղաքապետի պաշտոնին առաջադրվելու հայտ է ներկայացրել, Դանիելյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ շարժման նպատակը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելն է։ «Եթե հետեւեք հանրային դիսկուրսին, ապա կա այսպիսի մի տրամադրություն, որ մարդիկ լիդեր են որոնում կամ փրկիչ են որոնում եւ ուզում են, որ ցանկացած շարժում լինի անձնավորված, որ անձի հետեւից գնան։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում եւ ամեն տեղ լիդերը ձեւավորվում է ինչ-որ գործընթացի ժամանակ, բնականոն եղանակով, եւ որեւէ մեկին առաջնորդ հռչակել, եւ բոլորը նրա հետեւից գնան, սխալ է։ Այսինքն՝ պետք է լինի գործընթաց, գործընթացում լինեն մարդիկ, եւ արդեն հանրությունը կորոշի, թե ում է ճանաչում առաջնորդ կամ առաջնորդներ։ Մեր այս շարժումը կոլեկտիվ շարժում է, հետագայում արդեն ընթացքը ցույց կտա, մարդիկ իրենք կորոշեն, թե ում են տեսնում որպես առաջին դեմք, եթե նման ցանկություններ հանրության մեջ կան։ Մեր կարծիքով՝ այս իրավիճակում պետք է լինի կոլեկտիվ առաջնորդություն։ Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, այդ առումով մենք դեռեւս որոշում չենք ընդունել, քննարկումներ կլինեն, որոնք նաեւ կլինեն հանրային, եւ եթե լինի հանրային կարծիք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարելի է օգտագործել որպես քաղաքական փոփոխությունների գործիք, այդ ժամանակ մենք մեր որոշումը կկայացնենք»։

Դանիելյանին նաեւ խնդրեցինք պարզաբանել, թե ինչ է նշանակում «վերկուսակցական շարժում», այսինքն՝ քաղաքական ուժերը՝ կուսակցությունները, խորհրդարանական խմբակցությունները չե՞ն կարող միանալ իրենց շարժմանը։ «Որպես կուսակցություններ ու դաշինքներ՝ մեզ հետ չեն կարող միանալ, բայց ցանկացած անձ՝ թեկուզ ՔՊ-ական, թեկուզ նախկին ՔՊ-ական, լինի «Հայաստան», թե «Պատիվ ունեմ» դաշինքներից, առանց սահմանափակումների, մարդիկ, որոնք հասկանում են, որ երկրում պետք է լինեն փոփոխություններ, իրենք, որպես անձ, կարող են մասնակցել՝ չներկայանալով որպես կուսակցական։ Այսինքն՝ սա քաղաքացիների միավորում է, եւ այս միավորման մեջ առանձին քաղաքական միավորներ՝ կուսակցություններ, դաշինքներ, մենք չենք տեսնում։ Սա քաղաքացիների շարժում է, եւ յուրաքանչյուրը կարող է մասնակցել, նաեւ կուսակցականները, սակայն՝ որպես անձ»,- պատասխանեց Դանիելյանը։

Զրուցեցինք նաեւ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանի հետ, ով եւս միացել է շարժմանը: Հարցրինք, թե ինչ ակնկալիքներով է միացել շարժմանը։ «Սա ինձ համար քաղաքական շարժում չէ, ինչ-որ քաղաքական նպատակներ ես չունեմ, ես ցանկանում եմ աջակցել ցանկացած ուժի, որը մեզ այս մահացու ճգնաժամից կարող է դուրս հանել։ Ինձ համար մեր ունեցած ամենամեծ պրոբլեմն այն անկոմպետենտ ղեկավարությունն է, որը մեզ բերել է այս խայտառակ պարտությանն ու ողբերգությանը վերջին 5 տարիների ընթացքում։ Այդ ղեկավարությունը պետք է հեռանա, եւ բոլոր ուժերը, նաեւ այն խումբը, որտեղից եկավ այս կառավարությունը, պետք է միավորվեն։ Ցանկացած առողջ, խելամիտ մարդ, որը կարող է ծրագիր առաջարկել եւ մեզ դուրս բերել այս իրավիճակից, պետք է միավորվի, պետք է լինի ազգային միավորման շարժում, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են, կոմպետենտ են, ինչ-որ բան կարող են առաջարկել եւ մեզ առաջ տանել, ես իրենց կողքին եմ։ Իմ կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր պատճառ դարձան այս խայտառակ ողբերգությանը, պետք է գնան։ Ես այդպես եմ տեսնում»,- ասաց Խաչիկյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում