|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ Կոնգրեսի անդամները տարակարծիք են Սիրիային հարված հասցնելու հարցում: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների`ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակտիվորեն աշխատում է կոնգրեսականների հետ` փորձելով նրանց համոզել` թույլատրել Սիրիայի դեմ ռազմական գործողությունը. տեղեկացնում է Reuters-ը:
Սակայն որոշ կոնգրեսականներ ապացուցված չեն համարում քիմիական զենքի կիրառումը եւ կասկածներ են հայտնում ամերիկյան գործողության նշանակալի լինելու կապակցությամբ: Այսպես` Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը նշել է. «Սպիտակ տան առաջարկած բանաձեւի նախագիծը շատ ընդլայնված է եւ դրանում չի հիշատակվում, թե երբ է ավարտվելու գործողությունը: Այն կարող է ծառայել` արդարացնելու համար ամեն ինչ` սահմանափակ հրթիռային հարվածներից մինչեւ Սիրիայի վրա անթռիչք գոտի ստեղծելն ու ամերիկյան զորքերի ցամաքային գործողությունը»:
Անգամ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են կասկածում, որ ամերիկյան գործողությունը կլինի կարճաժամկետ ու արդյունավետ, ինչպես հավաստիացնում է իրենց կուսակից Օբաման: 70 րոպե տեւած հեռախոսային խորհրդակցության ժամանակ նրանք մտահոգություն են հայտնել, որ ԱՄՆ-ը կարող է ավելի շատ ներքաշվել հակամարտության մեջ:
Սակայն Օբաման ակտիվ կողմնակիցներ ունի հանրապետականների շրջանում, օրինակ` Ջոն Մակքեյնը եւ Լինդսի Գրեմը: Սենատոր Մակքեյնը լրագրողներին հայտարարել է, որ Կոնգրեսը չափազանց հստակ պետք է պատկերացնի, որ Սիրիայի վրա հարձակմանը դեմ քվեարկելը աղետալի հետեւանքներ կունենա: