կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-19 16:19
Հասարակություն

«Յանդեքս» տաքսին խաբում է

«Յանդեքս» տաքսին խաբում է

Տաքսի «Յանդեքսը» մարդկանց խաբում է: Իհարկե, կասեք, որ բոլոր տաքսիստներն են մարդկանց խաբում, կամ, առհասարակ բոլորն են խաբում, բայց կոնկրետ տաքսի «Յանդեքսը» մարդկանց լրջորեն խաբում է: Օրինակ` երբ ասում է, որ մեկ կիլոմետրն արժե 100 դրամ, խաբում է: Այ, երբ ազնվորեն ասեր, որ Երեւան քաղաքում մեկ կիլոմետրն արժե 100 դրամ, իսկ քաղաքից դուրս՝ 150, չէր խաբի: Չի ասում:

Հիմա ենթադրենք` դուք ցանկանում եք ամառվա այս շոգին մի օրով ընտանիքով գնալ Սեւան: Մտածում եք, որ ամենահարմար տարբերակը «Յանդեքս»-ն է, քանի որ, ի տարբերություն սովորական տաքսի ծառայությունների, էժան է եւ, ի տարբերություն երթուղայինի՝ հարմարավետ: Հաշվում եք, որ Երեւան-Սեւան հեռավորությունը շուրջ 65 կիլոմետր է, հետեւաբար` եթե «Յանդեքս»-ով գնաք, կվճարեք շուրջ 6500 դրամ` ընդամենը: Հասկանալի է, որ պատվիրում եք, հանգիստ նստում եւ, վարորդին ժպտալով, ասում. «Քշի Սեւան, ախպե\'ր ջան»: Վարորդն էլ քշում է` առանց ձայն հանելու: Անցնում եք Երեւանը, ապա` Չարենցավանը, Հրազդանը, մտնում եք Սեւան, հանում եք արդեն պատրաստ պահած շուրջ 6500 դրամը եւ, մեկնելով վարորդին, ասում՝ մնացորդը հարկավոր չէ: Վարորդը շրջվում է դեպի ձեզ եւ ասում. «Ախպե\'ր ջան, ի՞նչ մնացորդ, դու ինձ պետք է 9750 դրամ տաս»: Առաջին պահին չեք հասկանում, թե ինչ է կատարվում: Երկրորդն պահին է: Երրորդ պահից վարորդը պարզաբանում է, թե` բա գիտե՞ս, ախպե\'ր ջան, քաղաքից դուրս մեկ կիլոմետրը ոչ թե 100 դրամ է, այլ՝ 150: Դուք, իհարկե, ոչինչ չեք ասում եւ մեկնում եք վարորդին ձեր 10 հազարանոցը, բայց սպասում, որ մնացորդը տա: Արդեն մեքենայից դուրս ձեր կինը ձեզ հանդիմանում է, թե ինչո՞ւ վարորդին չասացիք` եթե քաղաքից դուրս 150 դրամ է, ինչո՞ւ քաղաքում չեք ասում այդ մասին, չէ՞ որ մենք քաղաքում ենք ձեզ ասել, որ քաղաքից դուրս ենք գնում, կոնկրետ՝ Սեւան Դուք սկսում եք վիճել ձեր կնոջ հետ՝ ներքուստ հասկանալով, որ նա ճիշտ է, տրամադրությունդ` բոլորինը, ընկնում է, եւ դուք հանգստանալու փոխարեն կարգին անհանգստանում եք, թե ինչպե՞ս պետք է հետ դառնաք…

Հետդարձի ճանապարհին երթուղայինի մեջ որոշում եք, որ էլ երբեք «Յանդեքս»-ով քաղաքից դուրս չեք գնալու, չնայած ձեր կինը ձեզ ասում է, որ էլ երբեք ձեզ հետ քաղաքից դուրս չի գնալու… Անտրամադիր հասնում եք տուն: Ընտանեկան հանգիստը «հրաշալի» անցավ, եւ որոշում եք գնալ ձեր տնից երկու փողոց այն կողմ գտնվող սուպերմարկետը՝ գարեջուր գնելու: Նույն պահին ձեր մտքում մի հրաշալի միտք է ծագում, պատվիրում եք «Յանդեքս» տաքսի, կանչում եք ձեր կնոջը, ով համառորեն ձեզ հետ չի խոսում, եւ նրա հետ տաքսով գնում եք սուպերմարկետ՝ գարեջուր գնելու: Վարորդին խնդրում եք մի քանի րոպե սպասել ձեզ, քանի որ վերադառնալու եք:

Վերադառնում եք նույն տաքսիով եւ վճարում 200 դրամ` ընդամենը: Վերելակում դիմում եք ձեր կնոջն ու ասում՝ տեսա՞ր, որ կիլոմետրը հարյուր դրամ է: Ձեր կինը ժպտում է, եւ ձեզ համար այլեւս կարեւոր չէ, որ իրականում կիլոմետրը 100 դրամ էլ չէ, այլ լավ էլ 600 է, պարզապես «Յանդեքս»-ի վարորդները մեկ կիլոմետր քաղաքում քշելուց եւ 100 դրամ ուղեւորից վերցնելուց հետո գրասենյակում ստանում են իրենց 500 դրամը: Ուղեւորների համար սա խնդիր չէ, մտահոգվելու առիթ էլ չէ, փոխարենը խնդիր է մյուս տաքսի ծառայությունների համար, քանի որ իրենք էլ են կիլոմետրը 600-ով քշում, «Յանդեքս»-ն էլ, բայց բոլորը նստում են «Յանդեքս»-ի մեքենաները: Քաղաքում` իհարկե, քաղաքից դուրս «Յանդեքսը» խաբում է:

Անկեղծ ասած` երբ այս տաքսի ծառայությունը մտավ շուկա եւ հայտարարեց, որ ինքը մեկ կիլոմետրը քշելու է 100 դրամով, ես ինքս ինձ տվեցի մաքուր հայկական մի հարց` լավ, բա որտե՞ղ են ուզում մեզ քցել: Փաստորեն՝ քաղաքից դուրս:

Հովիկ Աֆյան