Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվանից Հայաստանում սկսում է գործել «Յանդեքս» տաքսի ծառայություն, որը սպասարկման ցածր գներ է առաջարկում և դրանով հարուցել է տաքսու վարորդների դժգոհությունը: Yerkir.am-ի հետ զրույցում մի քանի տաքսու վարորդներ ներկայացրեցին իրենց դժգոհությունը` համարելով այն չարիք, քանի որ «Յանդեքս»-ը ժամանակավոր ստեղծելու է մոնոպոլիա, գումարներ է հավաքելու ու հեռանա:
«Մենք` անհատ տաքսու վարորդներս, չենք կարող նման գներով սպասարկել, որովհետև վառելանյութի ու ավտոպահեստամասերի գինը բարձրացել է, մենք լավագույն դեպքում օրական 3 հազար դրամի եկամուտ ենք ունենում: «Յանդեքս»-ը մտնում է ուրիշի գրպանը: Բայց ձրի պանիրը մենակ թակարդի մեջ ա լինում, եթե ուզում են էժան գներով տեղափոխել մեր քաղաքացիներին, թող հինգ տարով պայմանագիր կնքեն` կիլոմետրը 50 դրամով, բայց վստահ եմ, որ չեն կնքի»,- ասաց վարորդներից մեկը` հավելելով, որ եթե «Յանդեքս»-ը ցածր գներով սկսի սպասարկել, ապա հարվածելու է երթուղային ավտոբուսների գործին:
Մեր հարցին, թե ի՞նչ կասեն` հաճախորդի տեսանկյունից այս հարցին նայելով, վարորդը պատասխանեց. «Ես մեքենայից իջնում եմ, դառնում հաճախորդ, ուրախանում հաճախորդի շահի համար, բայց երբ նստում եմ իմ տաքսի մեքենան, դառնում եմ վարորդ, շատ մտահոգվում եմ, որովհետև մեր տաքսու վարորդները, օրերով նստած, հաճախորդ չունեն, կարտ են խաղում, անեկդոտ պատմում, նրանց մեծ մասը բարձրագույն կրթությամբ մարդիկ են: Հասարակ թվաբանական խաբեություն է`, իրենց գրպանից կծախսեն 2 միլիոն դոլար, կմոնոպոլիզացնեն դաշտը, բոլորին կհանեն մեջտեղից, հետո 3-4 ամսում միանգամից 13-14 միլիոն դոլար կաշխատեն»:
Տաքսու վարորդները հորդորեցին` «Յանդեքս» նստելիս պահանջել վարորդի լիցենզիան, իսկ լիցենզիա կունենա 10 վարորդից 2-ը:
Տաքսու վարորդների խնդիրը միայն «Յանդեքս»-ի մուտքը չէ, նրանք շատ խնդիրներ ու բողոքներ ունեն: Նրանք խոստովանեցին` հաշվիչներն էլ են խաբում, բոլոր հաշվիչները կեղծ արտադրողների հաշվիչներ են, որոնք ընթացքում փոխում են թիվը: Մեկ այլ խնդիր է մարզերում աշխատող տաքսու վարորդների ու մայրաքաղաքում գրանցված տաքսու վարորդների` հարկ վճարելու տարբերությունը:
«Ես Կոմիտասի վրա եմ աշխատում: Հրազդանում գրանցված տաքսին գալիս ա ամբողջ օրը ինձ հետ հավասար աշխատում, իմ չափ եկամուտ ունի, բայց ինքը վճարում է 5 հազար դրամ, ես` 12 հազար դրամ: Ի՞նչ անեմ, դուրս գամ գրանցումից, գնամ սահմանամերձ գյուղում գրանցվե՞մ»,- բողոքում էր տաքսու վարորդը: