կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-30 17:13
Տնտեսական

Գագիկ Բեգլարյանը անդրադարձել է «Յանդեքս»-ի մուտքին Հայաստան

Գագիկ Բեգլարյանը անդրադարձել է «Յանդեքս»-ի մուտքին Հայաստան

Կառավարության նիստից հետո տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Յանդեքս» տաքսի ծառայությանը: Հիշեցնենք, որ այդ տաքսի ծառայությունը պատրաստվում է երկու օր հետո սկսել իր գործունեությունը Հայաստանում և առաջարկում է ավելի ցածր գներ, քան այսօր կա տվյալ շուկայում, ինչը հարուցել է անհատ տաքսու վարորդների դժգոհությունը:

Լրագրողների հարցին` արդյո՞ք «Յանդեքս»-ը դիմել է նախարարություն` լիցենզիա ստանալու համար, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Նախարարությունը կարող է հորդորել միայն, որ «Յանդեքս»-ը պայմանագրեր կնքի միայն այն տաքսիների հետ, որոնք ունեն լիցենզիաներ: Այսօր մեզ մոտ գրանցված` լիցենզավորված մոտ 10 հազար տաքսի կա»,- ասաց նախարարը:

Հարցին, թե արդյո՞ք տեղյակ են մնացած տաքսու վարորդների դժգոհությանը` կապված «Յանդեքս»-ի մուտքի հետ, ասաց, որ լսել է այդ դժգոհությունների մասին, նաև հետևում է և կարծում, որ եթե «Յանդեքս»-ը օրենքի շրջանակում պայմանագրեր կնքի լիցենզիա ունեցող տաքսիների հետ, խնդիր չի լինի:

Ինչ վերաբերում է տաքսու վարորդների մյուս խնդիրներին, Բեգլարյանը նշեց, որ առաջարկել է նոր օրենք մշակել, որովհետև նոր օրենքը չի գոհացնում տաքսու վարորդներին: Միաժամանակ, նախարարը նշեց, որ այդ հին օրենքը գոհացնում է այն 10 հազար տաքսու վարորդներին, որոնք ունեն լիցենզիա, և նրանք բնականոն աշխատում են: Իսկ նոր օրենքը կներկայացնեն հանրության քննարկմանը, և եթե այն ընդունելի լինի տաքսու վարորդների համար, կարելի է դիմել ԱԺ, որ այն վավերացնեն: