կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-01 17:10
Հասարակություն

«Յանդեքս»-ն էժան գներով 3-4 ամիս կաշխատի. տեսակետ

«Յանդեքս»-ն էժան գներով 3-4 ամիս կաշխատի. տեսակետ

Այսօրվանից Հայաստանում սկսում է գործել «Յանդեքս» տաքսին, որը սպասարկման ցածր գներ է առաջարկում և դրանով հարուցել է տաքսու վարորդների դժգոհությունը:

Yerkir.am-ի հետ զրույցում Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությանը մի շարք առաջարկներ են ներկայացրել` տաքսիների լիցենզավորման նոր կարգ սահմանելու համար: «Սահմանել 5 հազար դրամ, բոլորը` 50 հազար վարորդ, կգրանցվեն ՃՈ քննական բաժանմունքներում: Որոշում ենք նաև վարորդների բուժզննման կարգը, օրինակ` 6 ամիսը մեկ տեղական պոլիկլինիկաներում արյուն են հանձնում: Դաշտը կհավասարվի, բյուջե կմտնի 300 միլիոն դրամ»,- ասաց նա:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` բոլորն ասում են` հանուն ժողովրդի, բայց նախկին բոլոր որոշումները` դեղին համարներ, բուժզննում, հաշվիչներ, հետո դեղին համարների վերացում և այլն, միմիայն վնաս են տվել տաքսու վարորդներին:

Մեր հարցին` արդյո՞ք վարորդները պատրաստ են համագործակցել «Յանդեքս» տաքսի ծառայության հետ, Տիգրան Հովհաննիսյանը պատասխանեց, որ դեռ հայտնի չէ` կհամագործակցե՞ն, թե՞ ոչ, որովհետև պետք է հասկանան` «Յանդեքս»-ն ինչո՞ւ է ցածր գին առաջարկում:

«Յանդեքս»-ն ասում է, որ 500 դրամ իր գրպանից է տալու` հանուն ժողովրդի, այսինքն` ուզում է մոնոպոլիզացնե՞լ դաշտը: Եվ արդյո՞ք 3-4 ամիս հետո նույն գներով է աշխատելու, այսինքն` ի վնաս իրեն: Ո՞վ ես դու, բարեգո՞րծ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ դա, իհարկե, ժողովրդին շատ ձեռնտու է, բայց վստահ է, որ 3-4 ամիս հետո «Յանդեքս»-ը վերադառնալու է նույն գներին, ինչ հիմա գոյություն ունեն:

Տիգրան Հովհաննիսյանը կասկածում է «Յանդեքս»-ին, որովհետև «Յանդեքս»-ը միայն երեք ամսով է պայմանագիր կապում վարորդի հետ: «Թող երեք տարով պայմանագիր կապեն վարորդի հետ, տեսնեմ` երեք տարի վնասով կաշխատե՞ն: Անհնար է 1 կիլոմետրը 50 դրամով մեքենա վարել»,- ասաց նա: