կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-18 15:45
Առանց Կատեգորիա

Նյարդերի պատերազմ, կամ երբ պարտվում ենք բոլորս

Նյարդերի պատերազմ, կամ երբ պարտվում ենք բոլորս

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավմամբ և մի քանի ոստիկանների պատանդառությամբ իրականացված ապստամբության փորձը ձախողվել է: Այդ հարձակման նպատակն այն էր, որ հասարակական զանգվածները, անսալով զինված հարձակում գործած խմբի կոչին՝ դուրս էին գալու փողոց և սկսվելու էր քաղաքական ապստամբություն, որն էլ ստիպելու էր իշխանությանը կատարել թե «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Ժիրայն Սեֆիլյանի ազատ արձակման, թե, գուցե նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջները: Բայց ոստիկանության բաժանմունքի գրավումը սպասելի շարունակությունը չունեցավ եւ չէր կարող ունենալ երկու հիմնական պատճառով: Նախ՝ մեկ բաժանմունքի գրավումը չէր կարող ծավալուն ապստամբության հետ ասոցացվել: Այդ հանդուգն արարքն ավելի շատ ընկալվեց իբրև ապստամբության փորձ կատարողների ռեսուրսների սահմանափակության դրսևորում: Նախօրեին Թուրքիայում կատարված ռազմական մասշտաբային, բանակի մի մասի մասնակցությամբ իրականացված, բայց այնուամենայնիվ ձախողված հեղաշրջման փորձի ֆոնին մի քանի հոգով մեկ բաժանմունքի վրա կատարված հարձակումը չէր կարող չընկալվել ընդամենը որպես մի քանի ֆանատների հուսահատ փորձ:

Երկրորդ՝ հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ ապստամբության: Հոկտեմբերի 27-ից հետո երկրում իրավիճակ փոխելու, իշխանություն հեռացնելու համար զինված հեղափոխության կամ հեղաշրջման տարբերակի անընդունելիությունը մնում է որպես յուրատեսակ  տաբու: Առավելևս ղարաբաղյան հարցի ներկայիս սրվածության և մարտահրավերների ահագնացման պարագայում ներքին ցնցումների նախաձեռնումն ավելի շատ դիտարկվում է որպես դավադրություն՝ անգամ ԼՂ հարցում իշխանության պարտվողական կեցվածքի հետ կապված կասկածների պարագայում:

 Առ այսօր հասարակությունն իշխանությանն արդարացիոներ չի ներում մարտի 1-ի համար: Շատերը 2008-ին տեղի ունեցածը ժամանակին որակեցին իշխանության կողմից իրականացված ռազմական հեղաշրջում: Եթե իշխանության կողմից զենքի գործադրումը ապօրինություն էր, դավադրություն պետության նկատմամբ, ապա ինչո՞ւ և ինչպե՞ս կարելի է արդարացնել նույն եղանակով իշխանություն փոխելուն ուղղված այս հարձակումը պետական մարմնի նկատմամբ: Եթե այս ապստամբությունը հաջողվեր և վերաճելով հեղափոխության, գուցե նաև քաղաքացիական պատերազմի, այնուամենայնիվ, հանգեցներ նոր իշխանության ձևավորման, որքանո՞վ էր այն լինելու լեգիտիմ: Այս հարցի պատասխանը հասարակությունը չունի: Արդարացնել իրավիճակ և իշխանություն փոխելու այն մեթոդը, որը կիրառել են «Սասնա ծռերի» զինյալները, նույն է թե արդարացնել հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը: Նույնն է թե արդարացնել հետագայում ցանկացած մարգինալ ուժի, նույնիսկ մեծ կամ փոքր բանդաների կողմից պետական հիմնարկների գրավմամբ, պատանդառությամբ սեփական քաղաքական, անձնական կամ  խմբակային ակնկալիքները բավարարելու, ահաբեկչական գործիքակազմի կիրառումը այսպես կոչված «լեգիտիմացնելու» փորձերը:

Պատանդներին ազատելուն ուղղված օպերացիայի ժամանակ հրազենային կրակոցից բարձրաստիճան ոստիկան է զոհվել, երկու ոստիկան ծայրահեղ ծանր, երկուսը՝ ծանր վիրավորում են ստացել: Արևմտյան որևէ երկրում պետության ներկայացուցչի սպանությունը կհանգեցներ սպանություն իրագործողների անխնա ոչնչացման՝ այն պարզ պատճառով, որ ոստիկանի հանդեպ բռնության, զենքի կիրառումը հավասարազոր է ոտնձգության պետության նկատմամբ: Հայաստանի ոստիկանությունն առայժմ դրան չի գնում: Ոստիկանությունն ընտրել է սպասելու տարբերակը, որն այս դեպքում ամենառացիոնալն է: Պատճառը միանգամայն հասկանալի է. հարձակման, պատանդներին ազատելու ցանկացած փորձ հանգեցնելու է մարդկային ահռելի կորուստների՝ բոլոր երեք կողմերից էլ՝ թե ոստիկանների, թե զինված խմբի անդամների և թե պատանդների: Առավելևս այն պարագայում, երբ ոստիկանությունը հաստատում է, որ զինյալները մեծ քանի զենք- զինամթերքի են տիրապետում:

Հարձակումը տրամաբանական և արդարացի կլիներ, եթե պատանդների կյանքին  կոնկրետ վտանգ սպառնար, եթե զինված խումբը նրանց որպես կենդանի վահան օգտագործեր, կամ իրենց պահանջների չկատարման համար պատանդներին սպանելու սպառնալիք հնչեցներ: Նման բան կարծես թե չկա: Ապստամբները, նույնիսկ իրենց պահանջների կատարման համար ժամկետներ չեն առաջադրել: Նման իրավիճակում հարձակման պարագայում ծանրագույն հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանության և ոստիկանության վրա:

Զինված խմբի անդամները հայտարարել են, որ պատրաստ են մահվան: Նրանք, թերևս, իշխանությունից հենց հարձակման սպասելիք ունեն, որովհոետև թերևս հասկանում են, որ ապստամբությունը չի կայացել: Սակայն ոստիկանի սպանությամբ նրանք անցել են մի սահմանագիծ, որից հետո հանձնվելու դեպքում խստագույն պատիժը լինելու է անխուսափելի: Նրանք գտնվում են փակուղային վիճակում. չեն կարող ոչ փախչել, որը կընկալվի իբրև նահանջ, ոչ էլ հարձակում գործելով պաշարումը ճեղքել, ինչով ոստիկանությանը ողջ ուժով պատասխանելու լեգիտիմ իրավունք կտան: Այս իրավիճակում նրանք կարող են լավագույն ելքը սպասելը համարել՝ գուցե առաջնորդվելով սեփական մահվամբ հասարակությանն արթնացնելու, հասարակությանն իրական ապստամբության մղելու, այլ կերպ ասած՝ նահատակության մասին: Եվ այս իմաստով ոստիկանության հարձակումը զինված խմբավորման անդամներին և նրանց ձեռնարկումը հերոսականացնելու ամենակարճ ուղին է: Առավելևս, որ նման իրավիճակում անտեղի հարձակումը կարող է հանգեցնել երկրում չափազանց անկանխատեսելի զարգացումների և հենց իշխանության համար անդառնալի հետևանքների:

Այս պայմաններում իշխանությունը, թերևս, կընտրի սկսված «ապստամբությունը» մաշեցնելու փորձված մարտավարությունը: Ոստիկանության գործողությունները պայմանավորված կլինեն առավելապես հասարակական տրամադրությունների, նրա ակտիվացման կամ պասիվացման դինամիկայով: Քանի դեռ ակտիվացման լուրջ պոտենցիալ չկա, դժվար թե իշխանությունը դիմի կտրուկ քայլերի:

Այս իմաստով ներկայումս կողմերի միջև տեղի է ունենում նյարդերի պատերազմ՝ մատները ձգանների վրա: Ում նյարդերն առաջինը տեղի կտան, այդ կողմն էլ ողբերգականորեն կպարտվի: Բայց մյուս կողմը հաղթանակ չի տանի: Որովհետև պարտվելու են բոլորը՝ զինյալները, պատանդները, իշխանությունը, հասարակությունն ու պետությունը: Անկախ այս իրավիճակի հանգուցալուծումից՝ այդ պարտությունը ողբերգականորեն արդեն ակնհայտ է: Ու սրա  առաջնային պատասխանատուն իշխանություն է՝ ոչ միայն չկարողանալով կանխել տեղի ունեցածը, այլև ժամանակի ընթացքում հասարակական տրամադրությունների, պահանջների, խմորումների նկատմամբ  համարժեքություն չցուցաբերելով, որը ի վերջո, հասունացրեց հուսահատության պատնեշը զինված գործություններով ճեղքելու եղանակը: Բայց հիմա մեղադրանքների ժամանակը չէ: Հիմա ամենակարևորն այն է, որ կողմերից որևէ մեկը ձգանը չքաշի և մենք անխոհեմ վարքագծով կողմերից որևէ մեկին դրան չդրդենք:  

Գևորգ Դարբինյան