կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-13 18:00
Քաղաքական

Լինի «3+3» կամ այլ բան, միևնույն է, չկա՛ օրակարգ, և ՀՀ-ն պարտվում է. քաղաքագետ

Լինի «3+3» կամ այլ բան, միևնույն է, չկա՛ օրակարգ, և ՀՀ-ն պարտվում է. քաղաքագետ

Տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձևաչափ ընդունելի է, եթե պետության շահն առաջ տանելու հնարավորություն և օրակարգ ունենք, սակայն «3+3» ձևաչափը իրատեսական չէ. հարց է առաջանում՝ ունե՞նք մեր շահերն առաջ տանելու որևէ տրամաբանություն՝ այն դեպքում, երբ Հայաստանը, փաստացի, չի կարողանում առաջ տանել իր շահերը Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափում։ Քաղաքագետ  Հրանտ Միքայելյանը Yerkir.am-ի հետ  զրույցում ասաց, որ այս իշխանությունները որևէ ձևաչափում չեն կարող առաջ տանել Հայաստանի շահերը՝ լինի «3+3», ԵԱՀԿ Մինսկի խումբ, «1+2»։ Ինչ էլ լինի, միևնույն է, Հայաստանի շահն անպաշտպան է։

Անդրադառնալով մի խումբ քաղաքագիտական շրջանակների պնդմանը՝ եթե Փաշինյանն  է   ներկայացնում Հայաստանը՝ որպես ղեկավար, շանս չունենք մեր ազգային օրակարգի փշուրները փրկելու, քաղաքագետը նշեց. «Առաջին հերթին՝ չկա՛ օրակարգ, չկա՛ ռազմավարություն, չկա՛ նպատակ, և, ըստ այդմ, անհնար է բանակցել որևէ բանի շուրջ,  որտեղ մենք որևէ թիրախ չունենք»։

Ըստ Միքայելյանի՝ որևէ բանի մասին բացահայտ չի ասվում։ Այն, ինչ լսել ենք, հետևյալն է՝ եկեք, դուք ինձ ասեք` ինչի շուրջ բանակցեմ։ Ստացվում է այնպես, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, օրակարգ չունի։ Եվ այս բանակցություններում օրակարգ չունենալու պատճառով Հայաստանը պարտվում է։ Միևնույն ժամանակ, եթե մենք օրակարգ ունենանք, ապա դա չի նշանակում, որ հաղթելու ենք բանակցություններում, բայց կարող ենք քայլեր անել այն ուղղությամբ, որ մեր շահերը պաշտպանված լինեն։

«Բանակցություններն ընթանում են հետևյալ կերպ՝ Ադրբեջանն իր օրակարգն է առաջ քաշում, Ռուսաստանը՝ իր, ինչպես նաև դրսի ազդեցություն կա։ Դրսի շահերը` ադրբեջանական, ռուսական և արևմտյան, համադրվում են, և ստացվում է հայկական բանակցային դիրք, որը հայկական չէ»,- նշեց քաղաքագետը։

«3+3» ձևաչափը իրատեսակա՞ն է, քանի որ չի արտացոլում Այսրկովկասի  աշխարհագրական կառուցվածքը. քաղաքագետը 3+3-ի մեջ, ի դեմս Աբխազիայի, Հարավային Օսիայի և Արցախի, տեսնում է ևս մի «+3»։

Ակնհայտ է, որ Վրաստանը չմասնակցեց «3+3» ձևաչափին Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով։ Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր մնաց Արցախը, կարո՞ղ ենք ընդունել, որ ներկայիս իշխանությունները ձեռքերը լվացել  են Արցախյան հիմնահարցից։ Քաղաքագետը պատասխանեց. «Ցավոք, Դուք իրավացի եք, այս իշխանությունների համար Արցախը խնդիր չէ. նրանք հանել են Արցախը բանակցային օրակարգից։ Ադրբեջանցիները դրա մասին հպարտորեն խոսում են, որ՝ ահա, տեսեք, մենք Հայաստանի հետ արդեն Սյունիքի համար ենք բանակցում, ոչ թե Արցախի»։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Հրանտ Միքայելյանի, Վրաստանն  ուղղակի չի ցանկանում այդ ձևաչափին մասնակցել, որովհետև այն չի ենթադրում Արևմուտքի ներկայություն տարածաշրջանում, իսկ Աբխազիայի և Հարավային Օսիայի պարագան այս հանգամանքի լեգիտիմ բացատրություններն են։

«3+3» ֆորմատը, որտեղ Թուրքիան ունի կանխորոշիչ դեր, մեզ համար անընդունելի է. Այսպիսով՝ «3+3», «3+2» և ցանկացած այլ ֆորմատ, որտեղ Թուրքիան ունի ձայնի իրավունք՝ հայկական խնդիրների լուծման հետ կապված, անընդունելի է Հայաստանի համար»,- եզրափակեց քաղաքագետը։

 

                                                                                 Լենա Կարապետյան