Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսելում կայացած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովում որոշվել է, որ արդեն 2016-ից ԵՄ-ի և Թուրքիայի միջև սկսելու է գործել առանց վիզաների ռեժիմ` զգալիորեն հեշտացնելով Թուրքիայի քաղաքացիների մուտքը ԵՄ: Բացի դրանից՝ նախատեսվել է Թուրքիա-ԵՄ գագաթաժողովները հրավիրել տարին երկու անգամ` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության արագացման նպատակով: Որոշվել է նաև, որ ԵՄ-ն Թուրքիային 3 մլրդ եվրո կտրամադրի, որպեսզի վերջինս պայմաններ ստեղծի Սիրիայից և Իրաքից փախստականներին իր տարածքում ապաստան տալու և միգրանտների հոսքերը նվազեցնելու նպատակով իր սահմանների վերահսկողությունն ապահովելու համար: Անկարայի հետ համաձայնագիր կստորագրվի, որով կսահմանվի փախստականների հարցերով գործողությունների ծրագիրը:
Բրյուսելում կայացած այդ գագաթաժողովի արդյունքները, կարելի է ասել, արձանագրում են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակը: Փաստացի օրակարգ է վերադառնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության` գրեթե մոռացության մատնված հարցը: Եթե մինչ այժմ պրոցեսի թելը գտնվում էր Բրյուսելում, որն այդ թելն օգտագործում էր՝ իբրև Թուրքիայի սանձերը քաշելու լծակ, ապա հիմա այդ թելերն ակնհայտորեն անցել են Անկարայի ձեռքը: Իրավիճակի նման կտրուկ փոփոխությունը պայմանավորված է ԵՄ-ին ուղղակի խուճապի և անելանելիության մատնած փախաստականների անլուծելի թվացող հարցով, որը ԵՄ-ի հետ բանակցություններում դարձել է Թուրքիայի հիմնական խաղաքարտը:
Տեղի է ունեցել պարզագույն գործարք՝ Թուրքիան համաձայնել է ստանձնել իր տարածքով դեպի Եվրոպա փախստականների հետագա հոսքի դադարեցման պատասխանատվությունը, որի դիմաց Բրյուսելը համաձայնել է արագացնել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Ավելին՝ Բրյուսելն իր վրա է վերցրել փախստականների հոսքի դադարեցման ֆինանսավորման խնդիրը` 3 մլրդ եվրոյի չափով, ինչը հսկայական «ներդրում» կարելի է համարել Թուրքիայում:
Թեև փախստականներին Թուրքիայից դուրս չթողնելու խնդիրը լուծվելու է Անկարա-Բրյուսել գործողությունների ծրագրով, ակնհայտ է, որ Թուրքիան իր վրա գրեթե պարտավորություններ չի վերցնելու: Բանն այն է, որ գործնականում երբեք հնարավոր չի եղել և չի լինելու ամբողջական վերահսկողություն սահմանել միգրացիոն հոսքերի վրա: Եվ չի բացառվում, որ անգամ Թուրքիային նման զիջումներ անելուց հետո Եվրոպան չձերբազատվի արաբ փախստականների` մղձավանջային նոր հոսքերից: Այլ կերպ ասած` Թուրքիան, նվազագույն ռիսկեր վերցնելով իր վրա, փորձում է լուծել ԵՄ-ին անդամակցության խնդիրը` ի դեմս փախստականների հարցի՝ ձեռք բերելով Բրյուսելի վրա ճնշում գործադրելու հիանալի միջոց:
Սա չի նշանակում, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցն արդեն պետք է լուծված համարել: Բրյուսելն, ամենայն հավանականությամբ, դեռ կփորձի մանևրել` հնարավորինս ձգձգելով գործընթացը: Բայց փաստ է, որ այդ մանևրների դաշտը նրա համար զգալիորեն փոքրացել է:
Գագաթաժողովի արդյունքները մեծացնում են Թուրքիայի քաղաքական կշիռը նաև սիրիական ճգնաժամի հարցում` փաստացի դառնալով այս ճակատում վերջին ամիսներին Թուրքիայի կրած դիվանագիտական ու քաղաքական խոշոր պարտությունների փոխհատուցման միջոց: Սա էական է հատկապես թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման համատեքստում: Անկարան հիմա լրացուցիչ դիվիդենդներ է ձեռք բերում` Ռուսաստանին Սիրիայից դուրս մղելու հարցում ստանալու համար Եվրոպայի աջակցությունը: Որքան ինտենսիվ դառնան Սիրիայի տարածքում ռուսական օդուժի ավիահարվածները, որքան նախագահ Բաշար Ասադին Ռուսաստանի աջակցության պայմաններում երկար տևի Սիրիայի իշխանափոխության գործընթ,ացը, այնքան տևական է լինելու նաև փախստականների հոսքը դեպի Թուրքիա և Եվրոպա: Հետևաբար Անկարան հիմա լիակատար քաղաքական ու բարոյական իրավունք է ստանում փախաստականների հոսքի չդադարելու պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու, դրանով իրեն ԵՄ-ի առջև արդարացնելու համար: Մյուս կողմից` համաձայնելով Թուրքիայի պահանջներին և 3 մլրդ եվրո անուղղակի «ներդրում» կատարելով այդ երկրում` Բրյուսելը փաստացի իմաստազրկում է Ռուսասատանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումը:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի օրակարգ վերադարձվելը Հայաստանի համար երկակի նշանակություն ունի: Մի կողմից` որքան Անկարայի և Բրյուսելի միջև բանակցություններն ինտենսիվ դառնան, այնքան Թուրքիայի իշխանությունները զգուշավոր կլինեն թե՛ երկրի իսլամացման միտումներում, ինչը կարևոր է Թուրքիայի հայկական համայնքի անվտանգության տեսակետից, թե՛ վերջին շրջանում ակտիվորեն դրսևորվող՝ դեպի Արևելք ծավալվելու պանթյուրքական նկրտումներում: Արևելյան ճակատով Թուրքիայի գործողությունները պայմանավորված կլինեն, թերևս, Ռուսաստանի գործոնով: Որքան խորանա առճակատումը, այնքան մեծ է լինելու հավանականությունը, որ հենց Հարավային Կովկասն է դառնալու նրանց դիմակայության հիմնական «ռազմադաշտը»:
Մյուս կողմից` փորձը ցույց է տալիս, որ որքան մոտենում, համատեղվում են Թուրքիայի և Արևմուտքի շահերը, այնքան բարդանում է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացը: Արտաքուստ թվում է, թե բանակցությունների ինտենսիվացումը հանգեցնելու է ԵՄ-ի կողմից Թուրքիային ներկայացվող՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանի արդիականացմանը: Սակայն դա Թուրքիայի առջև անուղղակի, բարոյական պայման էր այն ժամանակ, երբ դրության տերը Բրյուսելն էր, որն այդ հարցն ավելի շատ օգտագործում էր որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը զսպելու գործիք: Հիմա, երբ Թուրքիան բանակցություններում փաստացի թելադրողի դեր է ստանձնել, կարելի է չկասկածել, որ արևմտյան երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման անգամ թույլ ցանկությունները սառեցվելու են:
Գևորգ Դարբինյան
Հ.Գ. Անկարա-ԵՄ հարաբերություններում տեղի ունեցող այս վերադասավորումներն ակամա հիշեցնում են հեռավոր 1922-23թթ., երբ Լոզանում կայացած երկարատև կոնֆերանսի արդյունքում գրեթե ոչնչացած Թուրքիան կարողացավ ծնկի բերել ներկայիս արևմտյան երկրներին, գրեթե ոչնչից ստանալ ներկայիս տարածքները և տանել իր պատմության մեջ դիվանագիտական թերևս ամենախոշոր հաղթանակներից մեկը: