կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-26 17:59
Տարածաշրջան

Հիմա հասկացե՞լ եք, թե ինչ է նշանակում «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք» արտահայտությունը. հայ գործիչը թուրք հոդվածագրերին

Հիմա հասկացե՞լ եք, թե ինչ է նշանակում «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք» արտահայտությունը. հայ գործիչը թուրք հոդվածագրերին

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի անդամ Դիրեն Ջևանշիր Շենը yeniyasamgazetesi.com կայքում անդրադարձ է կատարել Թուրքիայի հայ համայնքին, Նոր Զելանդիայի ահաբեկչությանը և դրանց քաղաքական շահարկումներին:

Հեղինակը հոդվածում անդրադառնում է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ «Հաբերթուրք» պարբերականում լույս տեսած երկու հոդվածներին, որոնցում կին հոդվածագրերը գովեստի խոսքեր են շռայլել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հասցեին: Այդ հոդվածներում նրանք մասնավորապես նշել են, որ Արդերնի քայլերը բոլորի համար դաս պետք է լինեն, ու նրանից պետք է օրինակ վերցնել: Հեղինակը հռետորական հարց է բարձրացնում, թե արդյո՞ք նրանք իսկապես դաս քաղել են այդ ամենից, հասկացել են, թե ինչ է նշանակում «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք» արտահայտությունը:

Ապա շարունակում է. «Այն ժամանակ, երբ այդ կարգախոսով հանդես եկած մարդիկ ենթարկվում էին խտրական ու ազգայնական հարձակումների, երբ Թուրքիայում բնակվող ընդամենը 60 հազար հայերի` 3-6 եկեղեցիների ու դպրոցների պատերին ատելությամբ լի ու սպառնալիք պարունակող գրություններ էին գրվում, դուք ձեր երկրին ո՞ր հարցում եք պատասխանատվության կանչել ու ծայրահեղ ազգայականությանը վերջ տալու համար ասել «բարությամբ, գթասրտությամբ» լի խոսքեր: Այդ ձեր հիացմունքին արժանացած ֆեմինիստ վարչապետի ո՞ր մի արարքից եք օրինակ վերցրել ու արտահայտել միտք, որ կուզեիք ձեր երկրում էլ այդպիսի մի ղեկավար լիներ: Երբ մարտի 8-ի ֆեմինիստական քայլարշավը համարվեց «ազանի դեմ բողոք», դուք այդ սադրանքների ու ստի դեմ ի՞նչ եք արել, բացի «Թվիթեր»-ում գրառումներ անելուց: Այն երկրում, որտեղ ապրող քրիստոնյա համայնքներից մեկի` հայ համայնքի անդամները գրեթե ամեն օր սպառնալիքներ են ստանում, ու հարազատ երկիր գնացողների թիվը մեծանում է, քանի որ նրանց սրբատեղիների պատերին ատելությամբ լի գրություններ են գրվում: Սակայն դուք արդեն իսկ արել եք այն, ինչ անհրաժեշտ է` սոցիալ-դեմոկրատ ֆեմինիստ վարչապետի մասին այնպես եք խոսել, կարծես այստեղ` Թուրքիայում, բոլոր ժողովուրդները հավասար են ու լավ վերաբերմունքի են արժանանում: Կարճ ասած` ձեր երկրում անտեսում եք նրանց: «Ինձ, կներեք, հայ են ասում» արտահայտությունն անող նախագահ ունեք ու, երբ անտեսում եք դա, Նոր Զելանդիայի վարչապետի վերաբերյալ ձեր ասածներն ու գրածները բացահայտ կեղծավորություն են դառնում»:

Վերջում հոդվածագիրն հավելում է. «Նոր Զելանդիայի կառավարությունն իր երկրում տեղի ունեցած սպանությունների պատասխանատվությունը վերցրել է իր վրա ու համապատասխան քայլեր է անում: Անկասկած, այդ վարչապետի ամեն քայլը գովեստի է արժանի: Շատ լավ, հեռվում գտնվող կին վարչապետին անդադար գովերգողները սրանից հետո ի՞նչ են ասելու իրենց երկրում ազգային փոքրամասնությունների` ազգայնականների կողմից հարձակումների ենթարկվելու ու այս երկրում հավասար, ազատ ու ապահով ապրելու` նրանց իրավունքների մասին»:

Թարգմանեց Անի Մելքոնյանը