կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-11 22:50
Հասարակություն

Սահմանադրական դատարանի շուրջ օղակը սեղմվում է. ո՞վ տանուլ կտա «նյարդերի» այս պատերազմը

Սահմանադրական դատարանի շուրջ օղակը սեղմվում է. ո՞վ տանուլ կտա «նյարդերի» այս պատերազմը

Օրենսդիրի նպատակը հստակ է՝ ազատվել Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով՝ ըստ Yerkir.am-ի, այս եզրակացության է հանգել սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ հետևելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագծի ընդունմանը ԱԺ-ում։

«Սա ամենաթողություն է, պետությունը վերածվում է կրկեսի»,-ասաց նա։

Սահմանադրագետը տարակուսած է՝ օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել անձանց նեղ շրջանակի համար, իսկ այս օրենքի տրամաբանությունից բխում է անձանց նեղ շրջանակին արտոնություններ տրամադրելը կամ աշխատանքից հեռացնելը․«Սա կարող է վատ նախադեպ լինել, որ երկրում իրավունքը կորցնի իր էությունը: Ցանկացած բնույթի գործող իրավունքի դրույթների խախտումը իր հանրային վտանգավորության առումով ավելի մեղմ է, քան այն դեպքում, երբ խեղաթյուրվում է օրենքի և իրավունքի էությունը: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ անթույլատրելի էր, որ ԱԺ-ն նման հիմնավորումներով օրենք ընդուներ»,-ասաց Վարդան Այվազյանը:

Ի՞նչ փոխվեց երկրում կառավարման տեսանկյունից․ ոչինչ: Պարզապես, նորերը՝ անփորձ, անտեղյակ, ինքնահաստատման համար մանդատ, պաշտոն ստացան: Ի՞նչ փոփոխության մասին կարող է խոսք լինել, եթե նախորդ իշխանությունների նման նորերն էլ ամեն գնով մերժում են խորհրդարանական ընդդիմադիրների նախագծերը, իրենցն՝ անցկացնում ամեն գնով, երբեմն՝ զոռբայությամբ:

ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագիծը թարմ օրինակ է. ՀՀ Ազգային ժողովը այսօր 75 կողմ և 34 դեմ ձայներով ընդունեց այն:  Խոսքն այս դեպքում վերաբերում է 2018թ-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին: Գործադրի հեղինակած  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Գումարը տարեկան կազմում է 630 մլն դրամ:

Ի տարբերություն իշխանական թևի իրարամերժ ձևակերպումների, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, վերլուծաբանները արձանագրում են՝ ՍԴ  դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը վտանգում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, օրենսդրական փոփոխությունը որակում են հակասահմանադրական։ Այս ամենը դատավորներին վերահսկողության տակ պահելու դասական օրինակ է: Թե ինչ նպատակ է հետապնդում այսօրինակ նախագիծը խորհրդարան տանելն ու ամեն գնով ընդունելը պարզից էլ պարզ է. լիակատար իշխանություն ունենալ ՍԴ-ի վրա:

Արհեստական ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ, այլ ոչ՝ ՍԴ-ում՝ ինչպես հայտարարում էին իշխանական դեմքերը՝ այս մասին գրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ասյա Օվանյանը:

«Եթե ՍԴ դատավորներն օգտվեն նախագծով նախատեսված՝ վաղ կենսաթոշակի անցնելու իրավունքից, արդյունքում ՍԴ-ն այլևս չի կարող լինել վստահություն ներշնչող կառույց: Առայժմ Սահմանադրական դատարանը մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը»,-նշել է նա։

Ողջունելով խորհրդարանական ընդդիմադիրների կեցվածքը, որոնք չենթարկվեցին սադրանքների և մերժեցին քրեական ենթամշակույթը քրեականացնելու օրինագիծը, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը հավատացած է, որ ՍԴ–ի անդամները արժանապատվորեն կմերժեն այս նվաստացնող «բարեգործությունը», կմերժեն պարազիտ դառնալու՝ իրենց առաջարկված կարգավիճակը, չեն գայթակղվի անաշխատ եկամուտով արդեն իսկ իրենց կողքին հայտնված պարազիտոսի կերպարով:

«Օրենսդրական խուժանություն Ազգային ժողովում, այո՝ խուժանությո՛ւն... Գործող ԱԺ–ն մեր նորանկախ պետության մեջ առաջին անգամ օրենքի ուժով բացահայտ ամրագրեց նախադեպը չունեցող կոռուպցիոն գործարք: Այն դատարանները շրջափակելու հակասահմանադրական խուլիգանության նման մի քայլ է՝ արդեն Սահմանադրական օրենքի տեսքով: Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, մատաղացուների նման, իրենց անմեղսունակ բացատրություններով ենթարկվեցին քրեածին հրահանգի»,- գրում է քաղաքական գործիչը:

Բոլոր տեսակի կարծիքներն ու տեսակետները, մոտեցումներն ու փաստարկները առոչինչ են, եթե այդ ամենը լսող չկա: Եվ այսօր ԱԺ-ում մեծամասնություն կազմող երեսփոխանները Սահմանադրական դատարանի դեմ պատերազմի նոր փուլի մեկնարկն ազդարարեցին: Ո՞վ կհաղթի, ո՞վ տանուլ կտա «նյարդերի» այս պատերազմում՝ ժամանակը ցույց կտա: