կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-06 15:19
Հասարակություն

ՔՊ-ն նյարդերի խաղ է խաղում, որն իր ձևով շատ նման է Ադրբեջանի սահմանային գործողություններին. Նաիրի Հոխիկյան

ՔՊ-ն նյարդերի խաղ է խաղում, որն իր ձևով շատ նման է Ադրբեջանի սահմանային գործողություններին. Նաիրի Հոխիկյան

Վերջնական ձևավորվելու և խորհրդարանական գործունեությունն սկսելու փոխարեն ՔՊ-ն խաղում է, նյարդերի խաղ է խաղում, և այդ խաղը իր ձևով շատ նման է Ադրբեջանի սահմանային գործողություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։ 

«Ի՞նչ են խաղում ՀՀ խորհրդարանում․

Միջազգային մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցող այս օրերի գործընթացն անվանում են քաղաքական կրկես՝ ակնարկելով փոխխոսնակ ընտրելու և չընտրելու խաղերը։

Իրականում ի՞նչ է տեղի ունենում։

Վերջնական ձևավորվելու և խորհրդարանական գործունեությունն սկսելու փոխարեն ՔՊ-ն խաղում է, նյարդերի խաղ է խաղում, և այդ խաղը իր ձևով շատ նման է Ադրբեջանի սահմանային գործողություններին։ ՔՊ-ն հայտարարում է, թե իրենք հարգում են ընդդիմությունից մեկ փոխխոսնակի պայմանը և կքվեարկեն «Հայաստան» դաշինքի թեկնածու Իշխան Սաղաթելյանի օգտին։ Բայց ամեն քվեարկության ժամանակ կամ 1 ձայն պակասում է, կամ մի քանի քվեաթերթիկ անվավեր է դառնում։

Պարզ է, չէ՞, որ ընդդիմությունն այնքան նեղմիտ չի լինի, որ միտումնավոր կամ միամիտ փչացնի քվեաթերթիկները։ Պարզ է, չէ՞, որ ՔՊ-ն իր մի քանի պատգամավորի հրահանգում է խաղալ այսպիսի խաղեր՝ նախ ընդդիմությանը քաղաքականապես փչացնելու, նրանց շարքերում ներքին լարվածություն առաջացնելու, Իշխան Սաղաթելյանի անվան շուրջ անհամաձայնություն ստեղծելու, ապա ցույց տալու համար, որ իշխանության թելադրանքն է գործում, քանի որ մեծամասնությունն իրենք են։ «Թիվ ասեք, այդքան քվե տանք ձեզ»․ ամբիոնից այսպես են դիմում ընդդիմությանը մեծամասնության պատգամավորները։ Այս խոսույթը իր բովանդակությամբ շատ նման է Սերժ Սարգսյանի՝ «ինչքան ուզեմ, էնքան կխփեմ» արտահայտությանը։

Բայց կարևորն ինչ է։ Նույնիսկ այսպիսի խաղերի դեպքում ՔՊ-ն կարող էր ազնիվ լինել և ասել, որ ինքը ցույց է տալիս մեծամասնություն լինելու ուժը։ Բայց ոչ, նրանք ցույց են տալիս այն պատկերը, ինչ վերջին 15 տարում անում է Ադրբեջանը։

Հիշում ե՞ք, Ադրբեջանն ամեն անգամ կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, լարվածություն ստեղծում, հետո հայտարարում, թե հայերն են կրակել ու սադրել։ Նույն 2020-ի պատերազմի ժամանակ էլ անմեղ կույսի դեմքով հայտարարեց, թե հայերն են հարձակվել իրենց վրա։

Հիմա նույն բանը ՀՀ խորհրդարանական իշխանությունն է անում։ Ձախողում է քվեարկությունը և նույն անմեղ դեմքով հայտարարում, թե իրենք կողմ են քվեարկել Իշխան Սաղաթելյանին, մինչդեռ այդ չար ու նախանձ ընդդիմությունն է, որ դեմ է քվեարկում իր թեկնածուին կամ փչացնում քվեաթերթիկները։

Շատ արագ է ընդօրինակում մեր իշխանությունը, ափսոս, որ թշնամու վարքագիծն է ընդօրինակում։ Գոնե թշնամու նկատմամբ դա աներ, մի քիչ հասկանալի և ընդունելի կլիներ»,- գրել է Հոխիկյանը։