կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-04 18:00
Հասարակություն

Չենք կարող թույլ տալ, որ կրթությունը ծառայի սոսկ աշխատաշուկայի պահանջների սպասարկմանը. ԿԳ նախարար

Չենք կարող թույլ տալ, որ կրթությունը ծառայի սոսկ աշխատաշուկայի պահանջների սպասարկմանը. ԿԳ նախարար

Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը:

Անդրադառնալով միասնական քննությունների ընդհանուր պատկերին ԿԳ նախարարը նշել է, որ արդյունքների վերաբերյալ պետք է կատարվի վերլուծություն. «Մենք պետք է դիտարկենք առանձնացված ավագ դպրոցների, բուհերին կից վարժարանների և միջնակարգ դպրոցների միասնական քննությունների արդյունքները: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե որ դպրոցների շրջանավարտներն են ավելի բարձր միավորներ ապահովել, որպեսզի դա կարողանանք ներդնել հանրակրթության ոլորտում հետագա քաղաքականության հիմքում»,- նշել է նախարարը և հավելել,- «Մենք ունենք մասնագիտություններ և մասնագիտացումներ, որոնք չեն համալրվում՝ աշխատաշուկայում այսօր պահանջված չլինելու պատճառով: Մենք չենք կարող թույլ տալ, որ կրթությունն ու գիտությունը ծառայեն սոսկ աշխատաշուկայի պահանջների սպասարկմանը: Մենք ունենք մասնագիտական կարևոր ուղղություններ, որոնց ինքնապահպանումն ինքնին արժեք է»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը և բուհերի ռեկտորներին հանձնարարել ներկայացնել պետական հոգածության անհրաժեշտություն ունեցող այն մասնագիտությունների ցանկը, որոնք կարևորված են ինչպես հեռանկարային զարգացման, այնպես էլ մասնագիտական դպրոցի պահպանման առումներով:

Նախարարն առաջարկել է ռեկտորների խորհրդի առաջիկա նիստերից մեկում քննարկման դնել այդ առաջարկությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենքի նախագիծն արդեն թևակոխել է քննարկումների փուլ:

Նիստի ընթացքում ռեկտորները մտահոգություն են հայտնել ընդունելության համակարգի մի շարք խնդիրների առնչությամբ՝ շեշտելով, որ դիմորդների քանակի ընդհանուր նվազումն անդրադառնում է բուհերի ֆինանսական կայունության, զարգացման հեռանկարի և կրթության որակի վրա: