կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-11 17:01
Հասարակություն

Որքանո՞վ է բուհում ստացած կրթությունը համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. քննարկում են ուսանողները

Որքանո՞վ է բուհում ստացած կրթությունը համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. քննարկում են ուսանողները

Որքանո՞վ է բուհում ստացած կրթությունը համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, արդյո՞ք բուհում մատուցվող կրթությունն ապահովում է ուսանողի մասնագիտական կայացումը, ի՞նչ է ակնկալում գործատուն ուսումնական հաստատություններից և ինչպիսի՞ն պետք է լինի բուհի և գործատուի համագործակցությունը. այս հարցերն էին այսօր քննարկում ուսանողները, երիտասարդ դասախոսները և բուհերի կարիերայի կենտրոնների ներկայացուցիչները:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողովը:

Ողջույնի խոսք հղելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ չափազանց կարևոր է, որ մասնագետներից, մեծահասակներից բացի ուսանողները ևս քննարկեն իրենց խնդիրները և բարձրաձայնեն դրանք: Այդ նպատակն է հետապնդում թե ՈԱԱԿ  «Ուսանողության ձայն» ծրագրի գործունեությունը, թե  այսօրվա աշխատաժողովը:

Ներկաներին ողջույնի խոսք հղեցին ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը և Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց ուսանողի գնահատումը, շեշտադրվեց, որ այն պետք է լինի ուսուցանող՝ արձանագրելով ոչ թե մատուցված նյութի  յուրացման մակարդակն ուսանողի կողմից, այլ նրա առաջընթացը մասնագիտական և փոխանցելի կարողությունների և հմտությունների զարգացման  առումով:

«Ուսանողի գնահատման բարելավում՝ գործատուների մասնակցությամբ» թեմայով քննարկման ժամանակ մասնակից գործատուները նշեցին, թե ինչպիսի կարողություններով ու հմտություններով աշխատակիցներ են ուզում: Շեշտադրվեց, որ մասնագիտական գիտելիքներից բացի կարևորում են փոխանցելի հմտությունները՝ վերլուծական միտք, խմբային աշխատանքի ունակություն, պատասխանատվություն,  վերջնաժամկետներում տեղավորվելու կարողություն և այլն: Այնուհետև քննարկվեց, թե ինչպես են բուհերը գործատուների պահանջները ներառում կրթական ծրագրերում, ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա: Ներկայացվեց նաև ՈԱԱԿ-ի մշակած բուհ-գործատու համագործակցության մոդելը և դրա փորձարկման արդյունքները ԵՊԼՀ-ում:

Նշենք, որ հարցը, թե մասնագիտական ուսումնական հաստատություններում  կրթության ընթացքում ուսանողները որքանով են կայանում որպես մասնագետներ, արդյոք ուսումնական հաստատությունները  պատրաստում են ընդհանուր կրթված մարդ, թե մասնագետներ, քննարկվելու է նաև ապրիլի 13-ին քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ:  Իսկ արդեն ապրիլի 16-17-ին կկայանա «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով համաժողովը, որտեղ աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրը կքննարկեն բուհերի ու քոլեջների ներկայացուցիչները, կրթության որակի ապահովման տեղացի ու միջազգային մասնագետները: