կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-14 10:37
Տնտեսական

Մեր ռեսուրսները չենք կարող ծախսել այնպես, ինչպես նախկինում, շռայլություններ չենք կարող մեզ թույլ տալ․ Սուրեն Պարսյան

Մեր ռեսուրսները չենք կարող ծախսել այնպես, ինչպես նախկինում, շռայլություններ չենք կարող մեզ թույլ տալ․ Սուրեն Պարսյան

Ռազմական դրության ժամանակ շատերը հանդես եկան բազմապիսի կոչերով և առաջարկներով, որոնք հասարակության կողմից արժանացան տարբեր արձագանքների: Ներկայացված առաջարկություններից մեկն էլ այն էր, որ բոլորը դուրս գան իրենց տներից, գնումներ կատարեն, կամ սրճարաններ այցելեն, որի նպատակը տնտեսական ակտիվության խթանումն է: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որը խոսեց այդ առաջարկի ռիսկայնության, և տնտեսական հակաճգնաժամային քայլերի մասին. «Այս պահին՝ պատերազմական իրավիճակում, մենք մեր ռեսուրսները չենք կարող ծախսել այնպես, ինչպես նախկինում: Քանի որ պատերազմը շարունակվում է, և չգիտենք՝ որքան կտևի այն: Մեր ռեսուրսները անսահմանափակ չեն և պետք է դրանք ուղղվեն՝ ըստ առաջին անհրաժեշտության և ըստ կարևորության: Մենք այս պահին չենք կարող մեզ թույլ տալ շռայլություններ, չենք կարող նաև երկարաժամկետ ծախսեր իրականացնել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քանի որ այդ գումարը կարող է մեզ պետք գալ փամփուշտ, տանկ և առաջին անհրաժեշտության զինամթերքներ ձեռք բերելու համար»,- նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ սա այն ժամանակամիջոցն է, երբ կառավարությունը և տնտեսությունը պետք է անցնեն հակաճգնաժամային կառավարման, և այն պետք է իրականացվի ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր բիզնեսի մակարդակով. «Պետությունը պետք է այդ հարցերում որպես լոկոմոտիվ հանդես գա, ցույց տա այն հիմնական ուղղություններն ու մոտեցումները, որոնք այս պահին կարևոր են թե‘ պետության և թե‘ տնտեսության համար: Կառավարությունը առաջին հերթին պետք է վերանայի իր հակաբյուջետային քաղաքականությունը, կրճատի և վերանայի բյուջետային ծախսերի մեծ մասը, որոնք այս պահին կատարվում են ոչ արդյունավետ և ոչ հասցեական: Մենք ունենք մեծ գումաներ, որոնք այս պահին ուղղվում են ոչ ճիշտ ուղղությամբ, երբ կարող ենք ուղղել ռազմադաշտ: Օրինակ՝ միայն այս տարի մենք 70 մլրդ դրամ պարտադիր կուտակային ֆոնդերին ենք տալիս, երբ այդ գումարների կարիքը ունենք հիմա: Առհասարակ, մոտ 300 մլրդ դրամ գումար է կուտակվել պարտադիր կուտակային ֆոնդերում, որոնք այս պահին մեզ շատ օգտակար կարող են լինել՝ հաշվի առնելով ներկայիս ռազմական իրավիճակը և հետագայում պատերազմից դուրս գալու համար ծախսերը, որոնք պետք է կատարվեն»,- պարզաբանեց Սուրեն Պարսյանը:

Վերջինս նշեց, որ կարելի նախատեսել որոշակի գործիքներ նաև պետական բյուջեի այլ ծախսային հոդվածներ կրճատելու ուղղությամբ, օրինակ՝ աշխատավարձային և պարգևավճարային ֆոնդերը, գործուղման և այլ ուղղությամբ կատարվող ծախսերը, բոլորը պետք է կրճատվեն և ուղղվեն ռազմական ծախսերի ուղղությամբ. «Միաժամանակ կարևոր եմ համարում նաև, որ պետությունը որոշ ուղղություններով՝ հատկապես հարավային, շարունակի ենթակառուցվածքային ծրագրերը՝ ճանապարհաշինությունը և այլն, որոնք այս ռազմական իրավիճակում խիստ անհրաժեշտ են: Կարծում եմ՝ պետական բյուջեն նաև լրացուցիչ գումարներ պետք է հատկացնի Արցախի Հանրապետությանը այս ճգնաժամային իրավիճակում ֆինանսական, սոցիալական ծախսերը հոգալու համար: Մենք ամեն տարի որոշակի գումար նախատեսնում ենք, ՀՀ-ն փոխառություն է տրամադրում Արցախին, կարծում եմ այս տարվա գումարը պետք է շատ արագ վերանայվի՝ հաշվի առնելով Արցախում ներկա իրավիճակը»,- ընդգծեց նա:

Սուրեն Պարսյանը այն կարծիքին է, որ պետական բյուջեն կարող է ավելանալ նաև հարկային քաղաքականության վերանայում իրականացնելու միջոցով. «Մենք եկամտաբեր ճյուղերից պետք է բյուջեն լցնենք: Այդ ճյուղերից են հանքարդյունաբերությունը, բանկային համակարգը և այլն: Պատերազմից հետո մեզ անհրաժեշտ են գումարներ, և դա կարող է ապահովվել հարկային քաղաքականության միջոցով, այսինքն մենք պետք է պրոգրեսիվ հարկային քաղաքականություն վարենք: Շատ ունեցողը պետք է շատ մասնակցի այս ամենին, քիչ ունեցողը՝ քիչ: Մենք պետք է մեր եկամտի աղբյուրները ճշգրտենք, քանի որ հիմնադրամներից եկող հասույթը չի կարող հավերժ տևել»,- եզրափակեց տնտեսագետը:

Զվարթ Պետրոսյան