կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-17 15:23
Հասարակություն

Աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունն ամբողջությամբ խախտված է, աշխատողների իրավունքները պաշտպանված չեն. Հերիքնազ Տիգրանյան

Աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունն ամբողջությամբ խախտված է, աշխատողների իրավունքները պաշտպանված չեն.  Հերիքնազ Տիգրանյան

Այս պահին աշխատողների իրավունքները պաշտպանված չեն, որովհետև աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունն ամբողջությամբ խախտված է. ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով քննարկման ավարտից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը` հավելելով, որ սա նշանակում է`աշխատողը կառչում է իր աշխատատեղին ամեն գնով, և գործատուն նրա նկատմամբ ունի ծառայողական աշխատանքային հարաբերություններից բխող ցանկացած լիազորություն` ընդհուպ մինչև աշխատանքից անհիմն ազատումները, որովհետև միշտ կարող է հիմնավորել` շուկայում կգտնվեն փոխարինողներ:

«Գործատուն նոր աշխատող ձեռք բերելու որևէ խնդիր չունի: Որոշ մասնագիտությունների գծով, իհարկե, կարող է խնդիր ունենալ: Ընդհանուր առմամբ, աշխատող-գործատու հարաբերություններում հավասարություն, որպես այդպիսին, չկա»,- մանրամասնեց նա:

Դիտարկմանը` այսօրվա քննարկումը կառուցողական էր, այլ ոչ թե քննադատական, և հարցին` այն որևէ ազդեցություն կունենա՞ թեմայի վերաբերյալ խորհրդարանում քննարկումների ու օրենքի նախագծերի ընդունման համար, պատգամավորը պատասխանեց. «Քննարկումը ավելի շատ խնդիրների վերհանումն էր, քարտեզագրված էին բոլոր օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, որոնք աշխատանքային իրավահարաբերությունների իրացմանը խոչընդոտում են: Շատ կառուցողական էր քննարկումը, որովհետև լսարանը, ըստ էության, մասնագիտական էր: Այս հարցերը հենց այս նույն լսարանում, այս նույն շրջանակներում տարբեր առիթներով քննարկվել են, և ի վերջո, այս ամենը պիտի դառնա նախագիծ: Բոլոր վերհանված խնդիրները, որոնց վերաբերյալ լուծումներ կգտնվեն համախոհությամբ,  կարտացոլվեն նախագծում և կդառնան օրենք: Բայց կան հարցեր, որոնց շուրջ, վախենամ, երբևէ համախոհություն չգտնենք, որովհետև բոլորովին հակառակ տեսանկյուններից ենք հարցին մոտենում. մի կողմից բիզնես շահն է, մյուս կողմից` գործատուի շահը և աշխատողի պաշտպանված իրավունքը: Սրանք միշտ հակոտնյա են, և պետք է գտնել լավագույն լուծումը, որպեսզի, պաշտպանելով աշխատողին, չվնասենք գործատուին, կամ գործատուն չհետապնդի իր բիզնես շահը ու շահագործի աշխատողին»:

Հարցին` քննարկումը հնարավո՞ր է նոր քննարկումների տեղիք տա, Տիգրանյանն արձագանքեց. «Քննարկումները դեռ նոր են սկսվում, որովհետև սոցապը մի քանի օր հետո կհրապարակի իր նախագիծը, և այսօրվա քննարկումը նախաձեռնողները կմասնակցեն արդեն այդ քննարկումներին: Կարծում եմ, որ այս պրոցեսը շարունակական կլինի մինչև ինչ-որ նախագիծ վերջնականապես չհաստատվի»: