կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 17:30
Քաղաքական

Նաիրա Զոհրաբյանը «խայթեց» Լևոն Զուրաբյանին ու Նիկոլ Փաշինյանին

Նաիրա Զոհրաբյանը «խայթեց» Լևոն Զուրաբյանին ու Նիկոլ Փաշինյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ԸՕ-ում փոփոխությունների հարցը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը սուր քննադատության ենթարկեց ՀԱԿ-ին, Փաշինյանին ու նրա կուսակցությանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունների հետ ԸՕ-ի շուրջ կոնսենսուս չի եղել, եղել է ընդամենը համաձայնություն որոշ հարցերի շուրջ:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ-ն կարևորում է այդ քաղաքական համաձայնությունը և չունի բարդույթ` ներկայացնելու այն փաստաթուղթը, որի տակ ստորագրել են, ոչ թե ասելու, թե այն ինժեներա-տեխնիկական փաստաթուղթ էր:

«Այն քաղաքական ուժերը, որոնք ստորագրել են քաղաքական համաձայնությունը, բայց դրա մասին չեն հայտարարում, դրանով արժեզրկում են փաստաթուղթը և իրենց կատարած աշխատանքը` ցույց տալով որ եկել էին զրիցի, գյալաջիի»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքական աղանդներ են հայտնվել, որոնք շատ ագրեսիվ են, վայրագ ու վտանգավոր: Նրանք կարծում են, որ միակ ճիշտն իրենք են, միակ անքննելին ու անքննադատելին իրենք են, «Ֆեյսբուք»-ում ունեն իրենց քաղաքական աղանդը սպասարկող խումբ: Նաիրա Զոհրաբյանը Հայաստանի քաղաքական կյանքում ամենավտանգավոր բանը համարում է այս «քաղաքական սեկտանտիզմը», որից պետք է դրանցից ամեն գնով ազատվել, որ նրանք տեղ չգտնեն խորհրդարանական ընտրություններում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղից վրդովվեց, իսկ Նաիրա Զոհրաբյանը հանգստացրեց նրան` ասելով, որ իր ասածները հաստատ Զարուհի Փոստանջյանին չէին վերաբերում:

Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Նրա ասածը հանրապետականներին է վերաբերում, հանգիստ նստեք»: