Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ներկայացրեց կառավարությանն ուղղված հարցապնդումը` «Համատարած կոռուպցիա» վերնագրով, որը հիմնված է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունների ու ՀԱԿ մասնագետների վերլուծությունների վրա:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատասխանելով հարցապնդմանը, նշեց, որ դրանում եղած մի շարք հարցեր դուրս են կառավարության իրավասություններից, քանի որ մի մասը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների, մի մասն էլ այլ մասնավոր կազմակերպությունների:
Ըստ նախարարի` այն, որ շատ երևույթներ իշխանության ու ընդդիմության կողմից կարող են տարբեր կերպ գնահատվել, բնորոշ է բոլոր պետություններին, բայց այն թվերն ու ցուցանիշները, որ հնչեցվեցին, դրանց կողքին պետք է հնչեցնել նաև այլ ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը առաջընթացներ է գնացել կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների գերակայության և շատ այլ հարցերում:
«Կոռուպցիայի ընկալումը տարբեր է, եթե երկու երեք տարի առաջ մեկն ասեր, որ արդարադատության նախարարի մեքենան կարող էր տուգանվել, սա հեքիաթ կթվար, բայց դա այդպես է: Հիմա կարող եք ասել, որ դա կապ չունի, ուրեմն կարող ենք ասել, որ այդ թվերն էլ կապ չունեն: Ջուրը չի կարող և' տաք, և' սառը լինել, մեկի համար կարող է տաք լինել, մեկի համար` սառը, բայց այն ունի իր ջերմաստիճանը: Չի կարելի ցեխ շպրտել: Այո, կան ստահակներ, որոնք հարստանում են իշխանության հաշվին, բայց նայեք թե որքան բարձրաստիճան պաշտոնյաներ են կոռուպցիայի համար կանգնել դատարանի առաջ»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Ինչ վերաբերում է օֆշորին, ապա, նախարարի կարծիքով, հենց ՀՀ վարչապետն է հայտարարել, որ ինքը շահագրգիռ է, որ այդ գործը բացահայտվի:
Լևոն Զուրաբյանը, արձագանքելով ՀՀ արդարադատության նախարարին, կարծիք հայտնեց, որ այդ պատասխանը լի է անհեթեթություններով, անգրագետ ու անտրամաբանական պատասխաններով, ինչից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը այդ հարցերի պատասխանը չունի: «Առաջարկում ենք այս կառավարությանը` հոժարակամ փրկել ազգին` կոլեկտիվ հրաժարական տալ»,- ասաց պատգամավորը:
ՀՀ արդարադատության նախարարը արձագանքեց. «Վիրավորում եք ու ասում, թե անգրագետ պատասխաններ եք լսում: Ուրեմն էդքան անգրագետ չլինեիք ու չգրեիք բաներ, որ կառավարության իրավասության մեջ չեն մտնում: Մենք համաձայն ենք, որ կոռուպցիան չարիք է ու պետք է պայքարել դրա դեմ, բայց եթե ձեռքի փոխարեն բռունցք եք մեկնում, ապա կստանաք ավելի կոպիտ բռունցք»:
Երբ Լևոն Զուրաբյանը տեղից միջամտեց իր ակնարկներով, արդարադատության նախարարը զայրացավ. «Մի' ընդհատեք, թե էդքան գիտելիք չունեք, որ չպետք է ընդհատել, ուրեմն` դիմեք ձեր այդ հեղինակավոր իրավաբաններին: Դուք մեզանից լավ չգիտեք, որ կան խնդիրներ»: