Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ տարի անց հնարավոր է` այլևս երկաթուղի չունենանք: Այս մասին դեռևս ամիսներ առաջ հարցազրույցներից մեկում բարձրաձայնել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության նախկին պետ Արսեն Մկրտչյանը: Մտավախությունը, կարծես, իրականություն է դառնում: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում առկա խնդիրների, ոչ արդյունավետ կառավարման վերաբերյալ լրատվամիջոցները բազմիցս են բարձրաձայնել:
Ընկերությունում օր օրի խորացող ճգնաժամի մասին պատկերացում կազմելու համար բավական է ուսումնասիրել ընկերության դեմ ներկայացված քաղաքացիական հայցերը, որոնք տարիներ շարունակ քննվում են ՀՀ տարբեր դատական ատյաններում: Ներկայումս Հայաստանում օտար կապիտալով աշխատող` երբեմնի հարուստ ընկերության ներդրումային միջոցները գնալով կրճատվում են, իսկ ոչ արդյունավետ կառավարման հետևանքով նվազում են աշխատակիցների թիվն ու բեռնափոխադրումների ծավալները:
Գաղտնիք չէ, որ ուղևորափոխադրում իրականացնող էլեկտրագնացքները շատ հին են և չեն համապատասխանում անվտանգության կանոններին։ Եթե ամռանը, պայմանավորված հանգստյան սեզոնով, գոնե որոշակի ծավալի փոխադրումներ են իրականացվում, ապա ձմռանը շատ ուղղություններով փոխադրում առհասարակ չի իրականացվում: Հատկանշական է, որ ոչ արդյունավետ կառավարման բարքերն ընկերության նախկին ղեկավար Ռեբեցից փոխանցվել են գործող ղեկավարին` Սերգեյ Վալկոյին:
Պարբերաբար մամուլում հայտնվում են ՀԿԵ-ում չարաշահումների, յուրացումների, թալանի, կլանների մասին հրապարակումներ, քրեական գործերից տեղեկություններ, սակայն դրանք այդպես էլ անարձագանք են մնում. ոչ մի փոփոխություն` երկաթուղում: Սնանկացման շեմին հայտնված ընկերության ղեկավարությունը, գիտակցելով ընկերության հնարավոր կազմալուծումն ու սեփական պաշտոնների ժամանակավոր բնույթը, նախորդների օրինակով փորձում է հնարավորինս շատ օգուտ քաղել պաշտոնից: Այլեւս չենք զարմանում, երբ կարդում ենք, որ իրավապահները քննում են վագոնների առուվաճառքի, միլիոնավոր դրամների յուրացման ահազանգերը:
Այժմ էլ փող աշխատելու նոր ձեւ են գտել: Yerkir.am-ին տեղեկություններ են հասել, որ ՀԿԵ-ի ղեկավարության քթի տակ քանդում են երկաթուղու չօգտագործվող ռելսերն ու վաճառում Արարատյան դաշտավայրում խաղողագործությամբ զբաղվող գյուղացիներին: Նրանք էլ կտրատված ռելսերն օգտագործում են որպես բիր (ձող, որը տնկում են խաղողի վազի կողքին` իբրև հենակ):
Այս կապակցությամբ Yerkir.am-ը զրուցեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանի հետ: Նաս հերքեց տեղեկությունը` նշելով, որ ռելսերն այնպիսի մետաղից են պատրաստված, որ անգամ զոդողները չեն կարողանա կտրել: Ըստ Ալոյանի` հավանորեն շփոթել են փայտակոճի` ռելսերի տակ դրվող գերանների հետ: «Այդ փայտերը, երբ փոխարինում ենք, հները վաճառում են գյուղացիներին, իսկ ռելսերը կտրել ու վաճառել հնարավոր չէ»,- ասաց նա:
Նշենք, որ Yerkir.am-ի տրամադրության տակ կան նկարներ, որոնք փաստում են, որ Արարատյան դաշտավայրում գյուղացիները հենց երկաթուղու ռելսերն են կիրառում, ոչ թե «շպալները»: Առաջիկայում կպարզենք` արդյո՞ք իրավապահները տեղյակ են այս փաստից, այս հանգամանքը քննության առարկա հանդիսացե՞լ է, թե՞ ոչ:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ