Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մոտ երեք ամիս է մնացել Եվրո 2024-ի նախընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղին, որը զուտ սպորտային իրադարձություն լինելուց բացի նաև խիստ էմոցիոնալ ու զգայական խաղ է:
Ցանկացած հայ մարզիկ կփաստի՝ թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների հետ հանդիպումներին ինչպիսի առանձնահատկությամբ են պատրաստվում ու այդ հանդիպումներում մշտապես առկա է ոչ ֆուտբոլային ու էմոցիոնալ տարր:
Մասնագետները պնդում են, որ արտասահմանցի ոչ մի լուրջ մարզիչ չի համարձակվի կարևորագույն այս ստուգատեսից առաջ գլխավորել ազգային հավաքականը, իսկ ներսի ռեսուրսների մի մասը չի ցանկանում գործ ունենալ Արմեն Մելիքբեկյանի և ֆեդերացիայի իրական ղեկավարների հետ: Իսկ ովքեր որ զբաղվում են այդ հարցով, չունեն անհրաժեշտ փորձ ու գիտելիք, էլ չենք խոսում, որ հավաքականի մարզիչը պետք է առնվազն հեղինակություն լինի ֆուտբոլիստների համար:
Այս ընթացքում, քանի դեռ ՀՖՖ իրական ու կեղծ ղեկավարությունը ջանք չի խնայում պառակտել հայկական ֆուտբոլը, հսկայական չվերահսկվող գումարներ ծախսել ու սեփական ընտանիքի անդամներին Քաթարի աշխարհի առաջնության խաղերը դիտելու ուղարկել: Բայց հայկական ֆուտբոլի որևէ ներկայացուցչի մտքով չի անցնում, որ հավաքականը դեռևս չունի մարզիչ, որ հավաքականում խիստ անառողջ ու անկումային տրամադրություններ են, որ ըստ էության հիմնավոր նեղացել ու հավաքականից գնացել է հայկական ու համաշխարհային սպորտի աստղ Հենրիխ Մխիթարյանը:
Ի դեպ` լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկած իշխանություններն այժմ մեսիջներ են ուղարկում նրան, որ եթե ուզում ես, բոլորին կհեռացնենք, միայն թե արի ու առաջ տար հավաքականը, մինչև այս պահն այդ քայլերն ապարդյուն են անցնում:
Ֆուտբոլային աշխարհին քաջատեղյակ աղբյուրները միաբերան պնդում են, որ առկա է տպավորություն, համաձայն որի՝ բազմաթիվ արևմտյան դրամաշնորհային ծրագրերից ակտիվորեն օգտված, իր հետ փոխկապակցված կայքով Քարվաճառում հայ սպանած ադրբեջանցի դիվերսանտներին ոչ ռազմական անձի որակավորում տված Արմեն Մելիքբեկյանն այժմ էլ ամեն բան անում է, որպեսզի պարտվենք Թուրքիայի ընտրանուն (իրականում այս հավաքականը հեռու է հզոր հավաքական կոչվելուց):
Ի դեպ` բազմաթիվ ահազանգեր ենք ստանում առ այն, որ պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող ԲԿՄԱ ֆուտբոլային երկու թիմերում ընտրությունը կատարվում է ոչ օբյեկտիվ, ըստ էության այնտեղ խաղալով՝ երիտասարդներն ազատվում են բանակում ծառայելուց, իսկ ֆուտբոլային առաջնություններում այս թիմերը մեղմ ասած չեն փայլում: Իսկ այդ ակումբի տնօրենը նույնպես ժամանակին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում աշխատած, բանակում չծառայած Գագիկ Աղբալյանն է, ով Արմեն Մելիքբեկյանի «զեմլյակն» է ու ընկերը: Հետաքրքիր է, որ նույնիսկ բանակի թիմը ղեկավարում է բանակում չծառայած անձ, ով ընդամենը ինչ-որ մեկի ընկերն է:
Վերջերս, «Փյունիկ ակումբի» սեփականատերն իր հարցազրույցում ևս մեկ աղաղակող դետալ արձանագրեց, ըստ Արթուր Սողոմոնյանի` ԲԿՄԱ թիմում է հայտնվել Տիգրան Սարգսյանը, ով հանդիսանում է Գնել Սանոսյանի տեղակալի որդին, որի հայրը ՀՖՖ բողոքարկման կոմիտեում է, իսկ այժմ էլ որպես Մելիքբեկյանի հավատարիմ անձ` առաջադրվել է գործկոմի անդամի թեկնածու:
Կասկածից վեր է, որ, եթե անձը հլու-հնազանդ ՀՖՖ որոշումների կատարող չէ, դժվար թե հայտնվեր այդ ցուցակում:
Բացահայտումները շուտով»։