կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-21 11:29
Մշակույթ

Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Հուլիսի 23-30-ը անցկացվող` Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա  «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ Ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակների դափնեկիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի ռուսական պրեմիերան:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություններ» բաժնում այս տարի կներկայացվեն 14 խաղարկային և վավերագրական ֆիլմեր: «Փակուղի» ֆիլմի պրեմիերան  տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը ՝ 19:00-ին, «Կարո. Հոկտեմբերի 11» կինոթատրոնի 11-րդ դահլիճում: Ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 25-ին՝ միևնույն ժամին և վայրում:

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանիքի հետ հարաբերության տարբեր հանգրվանները: «Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է:

«Փակուղի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ այս տարի Շվեյցարիայի  Նյոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնի շրջանակում,  ասիական պրեմիերան՝ Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում: Հայաստանում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց ապրիլի 29-ին, երկրորդ ցուցադրությունը նախատեսվում է  «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կապույտ» դահլիճում: