Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 19-ից 26-ը:
ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ է: Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսորի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո, որի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ և նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը:
«Քամին ունայնությանը» վավերագրական և խաղարկային կինոտեսակների ժանրային առաջին պոստմոդեռնիստական համադրություններից է, որն այսօր լայնորեն կիրառվում է համաշխարհային կինոյում: «Քամին ունայնության» ֆիլմի հերոսները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար նկարահանել է շուրջ 25 տարի, նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսներն են:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնն այս տարի առանձին ծրագրով կանդրադառնա Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին և կամփոփվի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի նախաձեռնած՝ Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի ցուցադրության «Այլևս երբեք…» ծրագրի առաջին փուլը: «Այլևս երբեք…» ծրագրի շրջանակներում Մոսկվայում կցուցադրվեն՝ «Հանդիպում ցուցահանդեսում» (ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան), «Նահապետ» (ռեժ.՝ Հենրիկ Մալյան), «Երկունք» (ռեժ.՝ Ֆրունզե Դովլաթյան), «Աքսորում երգողները» (ռեժ.՝ Թուրի և Նատալի Ֆինոչչիարո Ռոզետի), «Սարոյանի հողը» (ռեժ.՝ Լուսին Դինք), «Ճչացողները» (ռեժ.՝ Կառլա Կարապետյան, «Վանա ծովուն արշալույսը» (ռեժ.՝ Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան) ֆիլմերը:
«Ռուսական հետք» արտամրցութային ծրագրում կցուցադրվի Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ ֆիլմը: