Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության զինկոմիսարիատներում այս օրերին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում զորակոչ կազմակերպելու համար: Ամառային զորակոչին ընդառաջ Yerkir.am-ը զրուցել է Աջափնյակի և Մաշտոցի տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արթուր Բաղրամյանի հետ:
-Ի՞նչ փուլում են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները:
- ՀՀ զինված ուժերի զորացրում և զորակոչ իրականացնելու վերաբերյալ` ՀՀ նախագահի հրամանագրից հետո մեկնարկել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Կանչում ենք 18-ից մինչ 27 տարեկան, զինվորական ծառայության ներկայացած արական սեռի ներկայացուցիչներին: Նրանց թվում են դպրոցն ավարտած տղաները, այն տղաները, ովքեր նախկինում օգտվել են տարկետման իրավունքից ուսման կամ հիվանդության կապակցությամբ: Նախապատրաստական աշխատանքները սկսվում են բժշկական հանձնաժողովից:
-Ինչպե՞ս է իրականացվում զորակոչիկների բժշկական հետազոտությունը:
-Սկզբում զինվորներին ուղարկում ենք տարածքային պոլիկլինիկաներ, քանի որ մենք չունենք այնպիսի սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան մանրամասն զննելու տղաներին: Պոլիկլինիկաներում կատարվում են տարբեր հետազոտություններ: Այնուհետև զորակոչիկներն առողջության վերաբերյալ բնութագրերով ներկայանում են զինկոմիսարիատ, որտեղ և հանձնաժողովի մասնագետները քննարկում է դրանք: Իսկ նրանք, ովքեր խնդրահարույց հիվանդություններ ունեն, կամ որոնց վերաբերյալ մեր մասնագետները չեն կարողանում որոշում կայացնել, ներկայանում են Կենտրոնական բժշկական հանձնաժողով:
- Ինչո՞ւ են, նախքան զորակոչը, նորակոչիկներին պատմամշակութային վայրեր տանում:
- Պաշտպանության նախարարի հրամանով` երեխաներին, մեր ուղեկցությամբ, տանում են պատմամշակութային վայրեր, այդ թվում` Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայաստանի պատմության թանգարան, որպեսզի մեր տղաները բանակ մեկնելուց առաջ, թեկուզ` կարճ ժամանակահատվածում վերհիշեն իրենց սովորածը, տեսնեն, հպարտանան: Երեխաներ կան, ովքեր ժամանակ չեն ունեցել նման վայրեր այցելելու: Իմ կարծիքով` դա շատ ճիշտ է, որովհետև մեր հայրենիքի ապագա պաշտպանը պետք է իմանա իր ժողովրդի պատմությունը և հպարտորեն գնա` իր հայրենիքը պաշտպանի:
-Ապրիլյան պատերազմից հետո դժվար չէ՞ զորակոչ անցկացնել, չէ՞ որ իրավիճակ է փոխվել, ապագա զինվորների հոգեբանությունը` նույնպես:
-Կարծում էինք, որ դժվար կլինի անցկացնել ամառային զորակոչը, բայց ես հպարտանում եմ մեր ժողովրդով: Պատկերացրեք` մարդիկ այնպիսի հայրենասիրությամբ են լցված, որ զարմանալ կարելի է: Բնական է` ծնողը մի քիչ մտահոգված է լինում, բայց ոչ ոք չի կարող ասել, որ ապրիլյան պատերազմն ինչ-որ կերպ խոչընդոտում է զորակոչին կամ վախ է առաջացրել նորակոչիկների կամ նրանց ծնողների մեջ:
-Ի՞նչ հետք թողեց ապրիլյան պատերազմը:
-Ապրիլյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ մենք լիովին կարող ենք վստահել մեր ժամկետային զինվորին, որովհետև այն, ինչ նրանք արեցին ապրիլյան պատերազմի օրերին, դժվար էր հավատալ: Ապրիլյան պատերազմում խնդիրը կատարել են մեր ժամկետային զինվորներն ու սպաները: Տա Աստված ` պատերազմ չլինի, անդորրը պահպանվի, և մեր տղաներն անփորձանք ծառայեն:
-Բանակ զորակոչվողներից շատերը 18 տարեկան անփորձ տղաներ են, ճի՞շտ է նրանց ուսերին նման պատասխանատվություն դնելը:
-Այնպես չէ, որ նորակոչիկների` ծառայության անցնելուն պես մյուսներն անմիջապես զորացրվելու են, չէ, ավագ զինծառայողները դեռ կհասցնեն իրենց փորձը փոխանցել նորակոչիկներին, մանավանդ` ապրիլյան պատերազմում ստացած փորձը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր ժամկետային զինվորն այնպես պաշտպանեց հայրենիքը, որ դասվեց հերոսների շարքը, մենք ունեցանք հերոս ժամկետային զինծառայող, ինչն արդեն ամեն ինչ ասում է:
-Զորակոչին ընդառաջ` հասարակության շրջանում դարձյալ հասունանում են այն խոսակցությունները, թե ինչո՞ւ չեն զորակոչում «ընտրյալ խավի» ներկայացուցիչներին:
-Ես երկու տարի է, ինչ այս տարածքի զինկոմիսարն եմ, և մենք ուսումնասիրել ենք այդ հարցը: Մեր տարածքում չկա այդպիսի օրինակ, որ ինչ-որ պաշտոնյայի երեխա կամ թոռ չուզենա ծառայել: Այսօր մեր տարածաշրջանում կան պատգամավորներ, պաշտոնյաներ, որոնց երեխաները ծառայել են, և դեռ կան, ովքեր նոր պետք է զորակոչվեն բանակ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի գործընթացն առավել թափանցիկ լինի:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ