կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 14:48
Հասարակություն

Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ում որևէ պաշտոնյա կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել

Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ում որևէ պաշտոնյա կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել

2016-ի ապրիլի 26-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, պաշտոնանկ արվեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:

Այս պաշտոնանկության վերաբերյալ Yerkir.am-ը գրավոր հարցում էր հղել ՀՀ պաշտպանության նախարարությանը` ճշտելու` արդյո՞ք, հիշյալ պաշտոնատար անձանց հետ կապված, ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն կատարվել է, եթե` այո, ի՞նչ է պարզվել:

Ի պատասխան`  ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի և ՀՀ ԶՈՒ գլխավոր տաբի հետախուզության վարչության պետի պաշտոնները, համապատասխանաբար, հայեցողական և բարձրագույն սպայական պաշտոններ են, և այդ պաշտոններին նշանակման և ազատման բացառիկ լիազորություններն օրենսդրությամբ վերապահված են ՀՀ նախագահին:

Պատասխանից ենթադրվում է, որ պաշտպանության նախարարը լիազորություն չի ունեցել իր ենթակաների, այսինքն` տեղակալների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու և պարզելու, թե կոնկրետ ի՞նչ գործողություններ կատարելիս են նրանք թերացել կամ ի՞նչ անգործություն են ցուցաբերել:

Հիշյալ երեք բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնանկությունների պատճառների մասին պաշտոնապես չի հայտնում նաև նախագահականը: Նշենք, որ արդեն նախկին պաշտոնյաները պաշտոնապես որևէ հանցագործության կատարման մեջ չեն կասկածվում կամ մեղադրվում, այսինքն` դեռևս պաշտոնապես անհայտ է, թե ինչո՞ւ են նրանք ազատվել պաշտոնից, և հարց է` հետագայում նրանք որևէ արարքի համար պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞ ոչ: Սակայն այն, որ նրանք պաշտոնից ազատվել են ապրիլյան պատերազմի ընթացքում բանակում բացահայտված բազմաթիվ թերացումների պատճառով, ակնհայտ է:

ՊՆ-ից հետաքրքրվել էինք նաև` ապրիլի 2-ի մարտական գործողություններից հետո իրենց պարտականություններում թերացած այլ պաշտոնյաներ ազատվե՞լ են աշխատանքից, թե՞ ոչ, եթե` այո, ովքե՞ր են, այդ իրադարձությունների արդյունքում որևէ անձ կարգապահական պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ, եթե` այո` քանի՞սը, կոնկրետ ի՞նչ գործողության (կամ անգործության) համար և ի՞նչ պատասխանատվության:

Ի պատասխան` ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը հայտնել է, որ ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություններ չեն նշանակվել, և կարգապահական պատասխանատվության ենթակված պաշտոնատար անձինք չկան:

Հիշեցնենք, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո մինչ այս պահը ձերբակալվել է 4 պաշտոնյա, որոնցից մեղադրանք է առաջադրվել առայժմ միայն մեկին` ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ երեկ ձերբակալված` ՊՆ 3 պաշտոնյաների` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի, գնդապետներ Արմեն Մարգարյանի և Մհեր Պապյանի խափանման միջոցի և մեղադրանք առաջադրելու  վերաբերյալ հարցը կքննարկվի վաղը: