կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-02 10:50
Քաղաքական

Ապրիլյան պատերազմից հետո, և՛ մարտական պատրաստվածության, և՛ սպառազինության ու տեխնիկական միջոցների առումով, որակական փոփոխություններ ենք կրել. Գաբրիել Բալայան

Ապրիլյան պատերազմից հետո, և՛ մարտական պատրաստվածության, և՛ սպառազինության ու տեխնիկական միջոցների առումով, որակական փոփոխություններ ենք կրել. Գաբրիել Բալայան

Ապրիլյան պատերազմից հետո մարտահրավերների որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: 

«Կարող է մի փոքր ավելի կամ նվազ լարվածություն լինել, բայց դա ոչ մի կերպ այսօր չի ազդում զինված ուժերի մարտունակության, զգոնության և պատրաստության  վրա»,- շեշտեց նա:

Հարցին՝ ի՞նչ դասեր ենք քաղել, որքանո՞վ ենք պատրաստ պատերազմին, քանի որ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ հայկական զինանոցը «մերկ» էր, Բալայանը պատասխանեց. «Ես չեմ կարող կիսել կարծիքը, թե հայկական զինանոցը «մերկ» էր, որովհետև մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա մարտական գործողություններից, այլ կարողացել ենք ցույց տալ ոգու խիզախությունը, զենքի ճշգրտությունը, որը Հայոց բանակն ուներ և այսօր էլ ունի: Վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել ենք բավականաչափ լրացնել և՛ մեր զինանոցը, և՛ մարտական պատրաստության աստիճանը: Այն բերել ենք շատ ավելի զգոն վիճակի, արդեն սկսել ենք այն փուլը, երբ քանակականը փոխարինում ենք որակականով: Այս ընթացքում ինչպես անձնակազմի մարտական պատրաստվածության առումով, այնպես էլ սպառազինության, ռազմամթերքի, տեխնիկական միջոցների մասով որակական փոփոխություններ ենք կրել, որոնցով այսօր համալրված են զինված ուժերը՝ տեսադիտարկման սարքեր, ավտոմատացված կառավարման սարքեր և վերլուծական այն կարողությունները, որ մենք ունենք»: 

ՀՀ պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց, որ ապրիլյան պատերազմի հետ կապված հետախուզական որոշակի տվյալներ եղել են:  «Թե ինչ տվյալներ են եղել, ես չեմ կարող բացահայտել, որովհետև դա օրենքով պահպանվող տեղեկություն է: Սա` և՛ աղբյուրների մասով, և՛ այն տվյալների, որոնք տեղի են ունեցել»,-ընդգծեց Բալայանը: