կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-31 22:53
Հասարակություն

Ապրիլյան պատերազմից հետո համանախագահների առաջարկությունները որևէ կերպ չէին խախտում մեր կարմիր գծերը. Սերժ Սարգսյան

Ապրիլյան պատերազմից հետո համանախագահների առաջարկությունները որևէ կերպ չէին խախտում մեր կարմիր գծերը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։

-Պարո՛ն նախագահ, մի քանի փաստարկ, որ հնչեցվեց ֆեյսբուքյան վերջին մի քանի ասուլիսների ընթացքում վարչապետի կողմից, որոնց կխնդրեի արձագանքեիք: Նախ, վարչապետը, մի քանի անգամ խոսելով 2016 թվականի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում արմատական բեկման մասին, հնարավոր տարբեր առիթներով այն անվանել է աղետ. այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմից հետո և մեջբերում եմ` պնդում է, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները: Ես ուզում եմ միարժեքորեն Ձեզնից ճշտել. պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու` չորս օրում դադարեցնելու կամ դրանից հետո տեղի ունեցած երկկողմ բանակցություններում կամ համանախագահության ձևաչափով` համանախագահների մասնակցությամբ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի շուրջ հայկական կողմին որևէ զիջում պարտադրվե՞լ է, և հայկական կողմը գնացե՞լ է որևէ զիջման` սակարկե՞լ է այդ հարցի շուրջ: Վարչապետը պնդում է, որ, այո, 2016 թվականին է հենց հայկական կողմից նահանջ եղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում:

-Իհարկե, բացարձակապես որևէ ճնշում կամ որևէ զիջում, որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չի եղել, և ես դրա մասին խոսել եմ: Երբ որ խոսում էի Ապրիլյան պատերազմի մասին և խոսում էի, որ քննիչ հանձնաժողով կար և այլն, ես շատ բացահայտ ասել եմ, որ պատերազմի դադարեցման մասին ձեռք է բերվել ընդամենը պայմանավորվածություն՝ բանավոր, և նրանք պնդում էին, որ միգուցե ինչ-որ գրավոր փաստաթուղթ կա, ինչ-որ զիջում կա և այլն:

-Նոր հրադադարի պայմանագիր էին առաջարկում, ինչին Դուք դեմ եք եղել:

-Բացարձակապես: Մենք որևէ նոր փաստաթղթի կամ ինչ-որ բանավոր պայմանավորվածության չենք գնացել, և դա հաստատեցին համանախագահները, երբ որ հայտարարեցին հրապարակավ, որ որևէ նոր փաստաթուղթ չկա, ու ուժի մեջ է մնում 1994 թվականին կնքված եռակողմ պայմանագիրը:

-Պատերազմը դադարեցնելու գինը չի եղել սկզբունքներից որևէ մեկից հրաժարումը կամ՝ տարրերից որևէ մեկից:

-Բացարձակապես: Ինչ վերաբերում է 2016 թվականի փաստաթղթին, եթե նկատել եք, նա այդ արանքներում խոսում էր ինչ-որ նամակների մասին և այլն, ու չէր ասում 2016 թվականին համանախագահների կողմից այդ ինչ առաջարկություններ են եղել, երբ են եղել այդ առաջարկությունները և այլն:

Այո, 2016 թվականին` Ապրիլյան պատերազմից հետո, մենք ստացել ենք համանախագահների կողմից առաջարկություններ: Եվ այդ առաջարկությունները որևէ կերպ չէին խախտում այն կարմիր գծերը, որ մենք մշտապես ունեցել ենք: Այդ կարմիր գծերը, նորից հիշեցնեմ, դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն էր, երկրորդ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային սահմանի առկայությունն էր, երրորդ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ճանաչումն էր միջազգային հանրության կողմից` որպես լեգիտիմ ընտրված մարդիկ, և այսպիսի բազմաթիվ ասպեկտներ, որ մի տեղ կոչվում էր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, մի տեղ կոչվում էր ժամանակավոր կարգավիճակ, մի տեղ կոչվում էր ճանաչված կարգավիճակ: Եվ չորրորդը, որը բխում է կամ ի մի է բերում այս երեք կետերը, անվտանգության երաշխիքներն էին, որովհետև մեր կարծիքով անվտանգության ամենակարևոր երաշխիքը դա անկախությունն է, դա քո հնարավորությունն է օրինական կերպով ազդելու բոլոր գործընթացների վրա` լինեն դրանք անվտանգային և այլն:

Այդ չորս տարրերից որևէ մեկի հետ ոչ մի վերապահում չի եղել:

-Ավելացվել է նաև մշտադիտարկման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

-Ոչ, այդտեղ մի քիչ այլ կերպ էր դա ձևակերպված, որովհետև մշտադիտարկման անհրաժեշտությունն այլևս չէր լինի, որովհետև պետք է գային խաղաղապահ ուժեր և կանգնեին երկու հակամարտող կողմերի մեջտեղում:

-Ես նկատի ունեի, պարո՛ն նախագահ, մինչև լուծման գնալը դրվում է նման պարտավորություն կողմերի վրա, որ մշտադիտարկում պետք է արվի:

-Դա եղել է 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հայտարարության տեսքով, որը     , իհարկե, հայկական կողմի համար շատ շահավետ էր, բայց դրանք խնդրի լուծման տարբերակներ չէին: Տարբերակ էր կոնկրետ, որ պետք է բացառեր կոնֆլիկտները:

-Մինչև լուծման հասնե՞լը:

-Մինչև լուծման հասնելը: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ զարմանալիորեն աղետ է անվանվում, պետք է ասեմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը միշտ էլ ընկալվել է: Եթե որևէ մեկը, ով ուզում է այս թեմայով խոսել, հանգամանորեն ծանոթանա Կազանյան փաստաթղթի հետ, ապա կտեսնի, որ այդ փաստաթուղթը, այդ հռչակագիրը, եթե ընդունեինք, անպայման պետք է հաստատվեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, որովհետև այնտեղ կան հանգամանքներ, որոնք վերապահված են ՄԱԿ-ին, և ԵԱՀԿ-ն, առավել ևս Մինսկի խումբը, չէր կարող այդպիսի որոշումներ ընդունել:

-Այսինքն՝ մինչև Ապրիլյան պատերազմն է՞լ է խոսվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մասին:

-Բոլոր փաստաթղթերում այդ միտքը կար, այդ գաղափարը կար: Փաստաթղթերից որևէ մեկում գրված չէր, որ սա անպայման պետք է ուղարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Ինչո՞ւ եմ ասում դա, որովհետև 2016 թվականին մեզ առաջարկվել է երեք տարբեր փաստաթղթերից բաղկացած փաստաթղթերի տրցակ: Այս մասին էլի եմ խոսել. մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լիներ հռչակագիր, երկրորդը պետք է լիներ հայտարարություն համանախագահ երկրների արտգործնախարարների կողմից, որտեղ կլինեին նաև որոշակի տարրեր, որոնք Ադրբեջանի համար ընդունելի չէին և Ադրբեջանի նախագահը չէր ուզում, որ դրանք լինեն հայտարարության մեջ, և երրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որն ամբողջականացնում էր այս երկու փաստաթղթերը, միահյուսում էր այս երկու փաստաթղթերը և նաև իր կողմից ավելացնում էր որոշակի հանգամանքներ: