Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հերթական նիստից առաջ կառավարության շենքի դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում:
Ակցիա իրականացնողներից Նունե Հակոբյանն, ով հանդիպում էր պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Yerkir.am-ին պատմեց իր խնդրի մասին:
Նա նշեց, որ 2017 թվականի նոյեմբերի 4-ին պահեստում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացել է որդին: «Տղաս պահեստում նռնակը գրկել էր, որ ոչ ոք չպայթի: Հիմա մեր ընտանիքն իրեն անտեսված է զգում»:
Մեր այն հարցին` ինչ ակնկալիքով է ուզում հանդիպել վարչապետի հետ, նա պատասխանեց, որ բազմիցս դիմել է, որ հանդիպի Փաշինյանի հետ, տեսնի նրան, չի կարողացել: «Ես ուզում եմ իրեն տեսնել, իր հետ զրուցել, դա եմ ճիշտ գտնում: 20 օր առաջ ցույցով դուրս էի եկել, ինձ ասացին` Դուք գնացեք, հարցերը կլուծվի: Ես նստեցի տանը, սպասեցի` ոչ պատասխան եղավ, ոչ էլ»,- ասաց նա:
Աշոտ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը 19 տարվա ռազմական ստաժ ունի, ոստիկան է: 2016 թվականին ատամի խնդրից հետո իր մոտ հայմորիտ է առաջացել:
«Այն ժամանակ 2 անգամ դիմել եմ ոստիկանություն` Վլադիմիր Գասպարյանին, հոսպտիալ չեն ուղարկել: Երկու ամիս աշխատանքի չեմ գնացել, վիրահատվել եմ, բայց աշխատավարձ եմ ստացել: Վիրահատությունից հետո բերել են հոգեբուժարանի փաստաթղթով գործս փակել»,- ասաց նա:
Մկրտչյանը նշեց, որ իր հիվանդությամբ չի կարող ծառայել ոստիկանությունում, ունի վիրահատության թուղթ. «Թող այդ թղթով ինձ թոշակավորեն, ոչ թե հոգեբուժարանի կեղծ փաստաթղթով, իսկ եթե պիտանի եմ` գնամ ծառայության, այս մի քանի ամիսը ծառայեմ, հետո գնամ թոշակի»:
Մի խումբ կանայք էլ պահանջում էին` իերնց թույլ տալ նորից զբաղվեն շրջիկ առևտրով:
Բողոքող քաղաքացիներից Անուշ Հայրապետյանն էլ Yerkir.am-ին պատմեց, որ իրենց խնդիրը վաղուց էր հասունացել:«Ուղղակի 10 օր է մենք գալիս ենք այստեղ, նստացույց ենք անում, դիմում ենք, խնդրում ենք կառավարությանը, որ մեզ թույլ տան խաղալիքներ վաճառել Հանրապետության հրապարակում: Մեզ ասացին `հրապարակում անօրինական է, ասացինք` այդ դեպքում մեզ տեղ հատկացրեք. եթե չեն թույլատրում, պարտավոր են չէ՞ մի տեղ հատկացնել, որ մենք մեր գոյությունը պահպանենք»,- ասաց Հայրապետյանը:
Նա նշեց, որ կանգնել են վարչապետի ճանապարհին, խնդրել իրենց լսել: «Երեկ չէ առաջին օրը իր ճանապարհին կանգնեցինք, մեքենան դուրս եկավ` մեզ տեսավ, խնդրեցինք, գոռացինք` պարոն Փաշինյան մի րոպե, բացարձակ մեզ ռեակցիա չտվեց»,- պատմեց նա:
Նրա խոսքով` իրենց խոսք են տվել լուծել խնդիրը, սակայն հիմա ձգձգում են. «Ասում են` էսօր- վաղը, քաղաքապետի ընտրությունից հետո կքննարկենք, համար են տալիս ու չեն պատասխանում»:
Հայրապետյանը նկատեց, թե բանն այն է, որ վարչապետի անունն է պախարակվում. «Մեզ պատասխանում են, թե վարչապետի հրամանով է արվում: Մենք արդեն էլ չգիտենք ինչ անենք, մեր ձայնը վարչապետին չի հասնում»:
Մարիետա Բարխուդարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց «օդերը փակվել» են:
«Կարծում էինք` պարոն Փաշինյանը կգա մեր կյանքն ինչ-որ չափով կփոխվի, բայց դա էլ չեղավ: Ես ամեն վայրկյան իր հետ եմ եղել, որ իրեն գողացան ես լաց էի լինում իր համար, իսկ էսօրվա օրն ի՞նչ արեց ժողովրդի գլխին: Ես միանում եմ այն մարդկանց, ովքեր ասում էին` սա բլեֆ ա: Ինքը մյուսներից չի տարբերվում»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ցուցարարների հետ հանդիպեց կառավարության ներկայացուցիչներից մեկը և նշեց, որ կառավարության նիստից հետո ժամը 5-ին նրանց կընդունի Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ցուցարարները համաձայնեցին հանդիպել Սանասարյանի հետ: