կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-04 12:42
Քաղաքական

Բունդեսթագի բանաձևը ճանապարհ բացեց Ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվների բացման համար. թուրքագետ

Բունդեսթագի բանաձևը ճանապարհ բացեց Ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվների բացման համար. թուրքագետ

Թուրքագետ Մելքոնյանի կարծիքով` Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման կապակցությամբ Հայաստանի պաշտոնական արձագանքը համաչափ էր, սակայն հասարակական տարբեր շերտերում տեղի ունեցող ակցիաները` չափից շատ ոգևորված, ինչն անտեղի է: Ըստ նրա` հայ հասարակության արձագանքը չպետք է էյֆորիայի մակարդակում լինի:

Մելքոնյանը վատատես է` բանաձևի իրավական հետևանքների առումով, սակայն այն, որ Հայոց ցեղասպանության խնդիրն առնվազն երեք օր գտնվում է միջազգային մամուլի ուշադրության շրջանակներում, ըստ նրա, լայնացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը և Թուրքիայում հետաքրքիր քննարկումների առիթ է դարձել:

Ըստ թուրքագետի՝ հետաքրքիրն այն է, որ բանաձևին կողմ են քվեարկել 11 թուրք պատգամավորներ, և այսօր Թուրքիայում նրանց նկատմամբ հետապնդողական գործողություններ են իրականացվում։

Մելքոնյանը, կարևորելով հետագա անելիքները, նշեց, որ Բունդեսթագի որոշումն իրավականորեն «կանաչ ճանապարհ» է բացում գերմանական արխիվների բացման համար: «Կարծում եմ, որ գերմանական արխիվներում պահվող բազմաթիվ փաստաթղթերը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ վկայությունները, պետք է բացվեն և ուսումնասիրվեն: Ես ուրախ կլինեմ, որ Գերմանիան, իր մեղքի բաժինն ընդունելուն զուգահեռ, նաև հստակ ֆիքսվեր իրենց արխիվային շտեմարանում եղած փաստաթղթերը հրապարակայնացնելու վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Սահմանադրական դատարանի միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանի խոսքով ` բանաձևի ընդունումը իրավական տեսանկյունից չափազանց կարևոր է այն առումով, որ գերմանական խորհրդարանը 1915-ին հայերի հետ կատարվածը որակեց ցեղասպանություն: Ըստ նրա` չափազանց կարևոր է ցեղասպանության փաստի ճանաչումը, թեև վստահ է, որ ճանաչումը Թուրքիայի վրա իրավական հետևանք չի ունենալու: «Սա հերթական բանաձևերից մեկն է, որն ընդունել է եվրոպական հզոր պետություններից մեկը, ինչը չի կարող անտեսվել»,- ասաց Վարդանյանը: